2025 թ. հուլիսին Ուկրաինայի ռազմական հետախուզությունը (ԳՀՎ) հայտարարեց, որ Ռուսաստանը ակտիվորեն ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Հայաստանում։ Ըստ ԳՀՎ-ի՝ Մոսկվան շտապ կերպով համալրում է իրականացնում Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում՝ ներգրավելով զինծառայողներ ինչպես Ռոստովի և Վոլգոգրադի շրջաններից, այնպես էլ Ղրիմից։ Բացի այդ, ըստ նույն աղբյուրի, ակտիվորեն որոնվում են կամավորներ Կովկասյան ազգություններից, մասնավորապես՝ Հյուսիսային Օսիայից և Ադիգեայից։

Ուկրաինայի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը հայտարարել է․

«Ռուսական զորքերի տեղակայումը Հայաստանում Կրեմլի ռազմավարության մի մասն է՝ ուղղված գլոբալ անվտանգության համակարգի ապակայունացմանը։ Միջէթնիկական լարվածությունների զուգահեռ բորբոքմամբ Մոսկվան փորձում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը Կովկասում։ Հնարավոր է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վատթարացումը նախապես պլանավորված էր»։

Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան, պաշտոնապես՝ Ալեքսանդր Նևսկու շքանշանակիր ռազմաբազան (վ/ճ 04436), հանդիսանում է ՌԴ ռազմական ներկայության առանցքային կետը Հարավային Կովկասում։ Բազան ունի երկու կայազոր` Գյումրիում և Երևանում։ Ավիացիոն բաղադրիչը տեղակայված է «Էրեբունի» օդանավակայանում։ Գյումրիում բազայի հարևանությամբ գտնվում է «8-րդ քաղաքակ» կոչվող թաղամասը, որտեղ ապրում են մոտ 4000 ռուս զինծառայողի ընտանիքներ։

Սակայն անցած տարիների ընթացքում տեղի ունեցած մի շարք ողբերգական միջադեպեր՝ ռուս զինվորականների մասնակցությամբ, լուրջ անդրադարձ են ունեցել հասարակական ընկալումների վրա։ Ամենախնդրահարույց դեպքը եղավ 2015-ին, երբ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը սպանեց Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամներին, այդ թվում՝ երկու անչափահաս երեխաների։ Նրա դեմ իրականացվեց դատավարություն Հայաստանում, սակայն հետագայում նա տեղափոխվեց ռուսական կողմի հսկողության ներքո։ 2018-ին ևս մի զինծառայող ձերբակալվել էր Գյումրիում տեղի բնակչի մահվան գործով։

Այս դեպքերից հետո ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշեց Գյումրիի բազայում տեղակայել ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ՝ կարգապահական իրավիճակը վերահսկելու նպատակով։ Սակայն որոշ հայ փորձագետներ և քաղաքական գործիչներ մտահոգություն հայտնեցին, որ ռազմական ոստիկանության գործունեությունն իրավական առումով դուրս է հայ-ռուսական համաձայնագրի սահմաններից։

Ռազմական համալրման գործընթացը տեղի է ունենում միաժամանակ Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների լարվածության խորացման ֆոնին։

2025 թ. հունիսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց, որ ձերբակալել է ռուսական ФСБ-ի երկու աշխատակից, որոնք գործել են որպես լրագրողներ «Sputnik Ադրբեջան» պետական լրատվամիջոցում։ Ձերբակալվածներն են՝ գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը։

Այս իրադարձությունը հաջորդեց սկանդալային դեպքին Ռուսաստանում, երբ մի քանի տասնյակ ադրբեջանցի ձերբակալվեցին Եկատերինբուրգում՝ 2001 թ. սպանության գործի շրջանակում։ Այս քայլերը Բաքվում ընկալվեցին որպես քաղաքական ճնշման դրսևորում։

Ադրբեջանական կողմի դժգոհությունը նաև արտահայտվել է ռազմաքաղաքական հարթությունում։ Այն, որ ռուսական կողմը ակտիվացնում է իր ներկայությունը Հայաստանում՝ առանց պաշտոնական հստակեցման և տարածաշրջանային համակշռության հաշվառման, Բաքվում ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ։

Հայաստանի ԱԳՆ-ն պաշտոնապես հերքել է ռուսական ռազմական նոր համալրման վերաբերյալ ուկրաինական պնդումները։ Սակայն թեման շարունակեց քննարկվել նաև տեղեկատվական և դիվանագիտական մակարդակներում։

Հուլիսին փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում հանդիպել է ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի հետ՝ ընդգծելով «կառուցողական տեղեկատվական դաշտի պահպանման» անհրաժեշտությունը Հայաստանում՝ Ռուսաստանի շուրջ։ Ռուսական կողմը նաև առաջարկել է անցկացնել հերթական ոլորտային խորհրդակցությունների փուլը։

Օրեր առաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկել էր քննարկել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում դադարեցնելու հարցը։

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են բարդ և փոփոխվող փուլում։ Ռազմական բազայի շուրջ սրվող քննարկումները միայն մեկ կոմպոնենտ են ավելի լայն գործընթացի՝ տարածաշրջանային հավասարակշռության, արտաքին ազդեցությունների ու ազգային ինքնիշխանության սահմանների վերաիմաստավորման։ Ուկրաինայի հրապարակումները, Ռուսաստանի դիրքորոշումը, ինչպես նաև Ադրբեջանի արձագանքները համադրելով՝ հասկանալի է դառնում, որ Հայաստանի ընտրությունները այս փուլում պահանջում են զգուշավորություն, հաշվարկվածություն և երկարաժամկետ ռազմավարական մտածողություն։