ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 47-րդ նստաշրջանում (Փարիզ) քննարկվել և հավանության են արժանացել Հայաստանի կողմից ներկայացված 2 հայտերը՝ «Երևանի ուրարտական ժառանգությունը», «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան» ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու վերաբերյալ:
«Երևանի Ուրարտական ժառանգությունը» ներկայացնում է մի շարք կարևոր հնագիտական հուշարձաններ՝ այդ թվում՝ Էրեբունի բերդը, Կարմիր Բլուրը և Բիայնական դամբարանը, որոնք ամբողջությամբ արտացոլում են Ուրարտուի թագավորության ժառանգությունը՝ մ.թ.ա. 8-ից 6-րդ դարերում։
Երկրորդ հայտը ներառում է երկու նշանակալի վայր. մ.թ. առաջին դարի Գառնու տաճարը՝ տարածաշրջանում հելլենիստական ճարտարապետության հազվագյուտ օրինակներից մեկը, և Գառնիի կիրճում գտնվող բազալտե բնական սյունաձև կազմավորումները՝ հայտնի որպես «Քարերի սիմֆոնիա»։
Այս որոշումն ընդունվել է հուլիսի 6-ից 16-ը Փարիզում տեղի ունեցած Կոմիտեի նստաշրջանի ժամանակ և հանդիսանում է էական քայլ Հայաստանի՝ իր մշակութային և պատմական ժառանգությանը միջազգային ճանաչում և պաշտպանություն ապահովելու ջանքերում։
Համաշխարհային ժառանգության ցուցակում Հայաստանի ներկայում ներառված հուշարձաններն են՝ Էջմիածնի Մայր տաճարը և եկեղեցիները, Զվարթնոցի հնագիտական վայրը, Հաղպատի և Սանահինի վանական համալիրները, ինչպես նաև Գեղարդի վանքը և Ազատի վերին հովիտը։
Որպեսզի որևէ վայր պաշտոնապես առաջադրվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկվելու համար, այն նախ պետք է ընդգրկված լինի տվյալ երկրի Ժամանակավոր ցանկում։