Ադրբեջանի իշխանությունները Նախիջևանի սահմանադրությունից հեռացրել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրությունից 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հղումների հեռացումը պետք է դիտարկել որպես Ադրբեջանի ներքին իրավաքաղաքական համակարգի վերակառուցման շրջանակում իրականացվող քայլ։
Պաշտոնական մակարդակով այս գործողությունը ներկայացվում է որպես տեխնիկական համապատասխանեցում 1991 թվականի հոկտեմբերի 18-ի «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին» սահմանադրական ակտին։ Ադրբեջանական կողմի իրավական տրամաբանությունը հիմնված է այն թեզի վրա, որ ներկայիս Ադրբեջանը հանդիսանում է 1918–1920 թթ. Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության իրավահաջորդը, այլ ոչ թե Խորհրդային Ադրբեջանի։
Հետևաբար, Բաքուն պաշտոնապես պնդում է, որ խորհրդային տարիներին կնքված պայմանագրերն օրգանապես չեն կարող հանդիսանալ իրենց ժամանակակից պետականության սահմանադրական հիմքը, և դրանց առկայությունը հիմնական օրենքում դիտարկվում է որպես «պատմական ժամանակավրեպություն»։
Սակայն իրականում սա Նախիջևանի՝ որպես առանձնահատուկ միջազգային-իրավական կարգավիճակ ունեցող միավորի, վերջնական կլանման գործընթացն է։ Տասնամյակներ շարունակ հիշյալ պայմանագրերը ծառայել են որպես ինքնավարության միջազգային «անձնագիր»՝ ֆիքսելով, որ տարածաշրջանի կարգավիճակը ոչ թե Ադրբեջանի ներքին որոշման, այլ աշխարհաքաղաքական մեծ պայմանավորվածության արդյունք է, որտեղ ներգրավված են եղել նաև Ռուսաստանն ու Թուրքիան։
Հրաժարվելով պատմական այս հղումներից՝ Բաքուն իրականացնում է իրավական վճռական քայլ, որի նպատակն է Նախիջևանի հարցը դուրս բերել արտաքին պարտավորությունների տիրույթից և այն տեղափոխել բացառապես ներքին վարչական կարգավորումների դաշտ։ Սա նշանակում է, որ ինքնավարության գոյությունը այսուհետ պայմանավորված չէ միջազգային իրավունքի նորմերով, այլ կախված է բացառապես Ալիևի վարչակարգի քաղաքական կամքից։
Այս գործընթացը տեղի է ունենում Նախիջևանի ինստիտուցիոնալ լիակատար կազմաքանդման ֆոնին։ Վերջին տարիներին հետևողականորեն լուծարվել են տարածաշրջանի ուժային, մաքսային և ֆինանսական կառույցների ինքնուրույնության վերջին մնացորդները։
Ադրբեջանական քարոզչամեքենան այս ամենը սեփական հանրությանը մատուցում է որպես պայքար տեղական կլանային կոռուպցիայի դեմ՝ խոստանալով տնտեսական «բարգավաճում» միասնական կառավարման ներքո։ Սակայն իրականում սա հստակ քաղաքական նախադեպ է, որով Բաքուն հայտարարում է, որ իր տարածքում չի կարող լինել որևէ կարգավիճակ, որը հիմնված է պատմական կամ էթնիկ առանձնահատկությունների վրա։
Այս փոփոխությունների աշխարհաքաղաքական ենթատեքստը առավել քան խոսուն է հատկապես Թուրքիայի և Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում։ Կարսի պայմանագիրը պատմականորեն համարվել է Թուրքիայի ազդեցության և հոգաբարձության իրավական հիմքը Նախիջևանի նկատմամբ։
Սակայն ներկայիս Բաքու–Անկարա ռազմավարական տանդեմը հասել է այնպիսի մակարդակի, որտեղ ֆորմալ պայմանագրերն այլևս երկրորդական են թվում։ Բաքուն օգտագործում է «ինքնիշխանության վերջնական ամրապնդման» թեզը՝ հասկացնելով, որ այլևս կարիք չունի արտաքին ուժերի իրավական երաշխիքների՝ սեփական տարածքը վերահսկելու համար։
Վերջնարդյունքում, իրավական դաշտից 1921 թվականի պայմանագրերի դուրսմղումը նշանավորում է Ադրբեջանի իրավական տարածքի վերջնական սուվերենացումը խորհրդային ժառանգությունից։ Ինքնավարությունը, որպես քաղաքական ինստիտուտ, փաստացի դադարել է գոյություն ունենալ՝ տեղը զիջելով ձևական վարչական միավորին։
Սա տեղավորվում է Ադրբեջանի լիակատար միասնականացման և կենտրոնացման ընդհանուր ռազմավարության մեջ և լուրջ մարտահրավեր է տարածաշրջանային անվտանգության համար, քանի որ Բաքուն հրաժարվում է այն միջազգային հիմքերից, որոնք տասնամյակներ շարունակ հանդիսացել են տարածաշրջանային ստատուս-քվոյի բաղկացուցիչ մասը։
Առանձնակի ուշադրության է արժանի այն փաստը, որ «1918–1920 թթ. իրավահաջորդության» թեզը Բաքուն փորձում է նույնականորեն կիրառել նաև Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում։
Հրաժարվելով Խորհրդային Ադրբեջանի իրավական ժառանգությունից՝ նրանք փորձում են կասկածի տակ դնել խորհրդային շրջանի այն բոլոր քարտեզների լեգիտիմությունը, որոնք ձեռնտու չեն իրենց առավելապաշտական նկրտումներին։ Փոխարենը պաշտոնական մակարդակով հղում է արվում 1919 թ. Փարիզի վեհաժողովին ներկայացված անհիմն հայցերին և Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության քարտեզներին։
Սա թույլ է տալիս Բաքվին խուսափել հստակ գծված խորհրդային սահմաններից և առաջ քաշել «պատմական արդարության» սեփական, քաղաքականապես շահարկվող մեկնաբանությունները։
Նախիջևանում տեղի ունեցող սահմանադրական փոփոխություններն այսպիսով հանդիսանում են Ադրբեջանի ընդհանուր իրավական դիրքավորման անկյունաքարը։ Դրանով ստեղծվում է մի իրողություն, որտեղ երկրի սահմաններն ու ներքին կառուցվածքը կապված չեն խորհրդային ժամանակաշրջանի հետ, եթե դա հակասում է Բաքվի ներկայիս աշխարհաքաղաքական շահերին։
Սա հնարավորություն է տալիս Ադրբեջանին սահմանազատման սեղանի շուրջ մանևրել տարբեր պատմական շերտերի միջև՝ ընտրողաբար օգտագործելով միայն այն փաստաթղթերը, որոնք արդարացնում են իրենց տարածքային հավակնությունները Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ։