Այսօր ադրբեջանական դատարանը Բաքվում անցկացված շինծու դատավարությունների շրջանակում մի քանի անձանց դատապարտեցին ցմահ ազատազրկման՝ ավարտելով Արցախի նախկին քաղաքական և ռազմական ղեկավարության, ինչպես նաև քաղաքացիական անձանց դեմ շինծու դատական գործընթացը, որը զուրկ էր որևէ իրավական հիմքից։

Դատավարությունն իրականացվել են առանց արդար դատաքննության հիմնարար երաշխիքների ապահովման։ Մեղադրյալները պահվել են կալանքի տակ առանց անկախ դատական վերահսկողության, զրկվել են արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքից և հետապնդվել են քաղաքականապես կառուցված մեղադրանքներով, որոնք չեն համապատասխանել միջազգայնորեն ճանաչված ապացուցման և դատավարական չափանիշներին։ Անհատական քրեական պատասխանատվության գնահատման փոխարեն կիրառվել է կոլեկտիվ պատասխանատվության մոտեցում։

Նախկին նախագահներ

Արայիկ Հարությունյան (2020–2023), ցմահ ազատազրկում
Արկադի Ղուկասյան (2007–2020), 20 տարվա ազատազրկում
Բակո Սահակյան (1997–2007), 20 տարվա ազատազրկում

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Դավիթ Իշխանյան, ցմահ ազատազրկում
Դավիթ Բաբայան, ցմահ ազատազրկում

Ռազմական գործիչներ

Գեներալ Լևոն Մնացականյան, ցմահ ազատազրկում
Գեներալ Դավիթ Մանուկյան, ցմահ ազատազրկում

Հատկանշական է, որ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման՝ տարիքը որպես մեղմացուցիչ հանգամանք նշելով, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է դատավճիռների կամայական և կանխորոշված բնույթը։

Ընդհանուր առմամբ ներկայացված մեղադրանքները, ապացույցների կիրառման պրակտիկան և լուրջ դատավարական խախտումները այս վարույթը վերածում են կեղծ դատավարության, որը խախտում է պատշաճ դատավարության հիմնարար սկզբունքները, արդար դատաքննության իրավունքը և միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում կոլեկտիվ պատժի արգելքը։ Գործը մաս է կազմում ավելի լայն քաղաքական ջանքերի՝ ուղղված Արցախի ղեկավարության քրեականացմանը և 2023 թվականի ուժի կիրառման հետադարձ օրինականացմանը։

Այն պայմաններում, երբ 20 հայեր դեռևս պահվում են կալանքի տակ, այս դատավճիռները ինստիտուցիոնալացնում են շարունակվող մարդասիրական և իրավական խախտումը և պահանջում են մշտական միջազգային վերահսկողություն։