Իռլանդիայի երկպալատ խորհրդարանի ստորին պալատում՝ Դալ Էրանում, ներկայացվել է միջկուսակցական բանաձև, որը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այս մասին հայտնում է Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD)։
Բանաձևը ստացել է մի շարք քաղաքական կուսակցությունների՝ ներառյալ «Մարդիկ՝ շահույթի դեմ» (People Before Profit), «Համերաշխություն» (Solidarity), «Շինն Ֆեյն» (Sinn Féin), Սոցիալ-դեմոկրատների (Social Democrats), և Աշխատավորական կուսակցության (Labour Party) անդամների աջակցությունը։
Բանաձևի տեքստում ընդգծվում է, որ Թուրքիայի կառավարության շարունակական մերժումը՝ ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, ոչ միայն խոչընդոտում է ազգային հաշտեցմանը, այլև հանդիսանում է Թուրքիայում իրական ժողովրդավարական առաջընթացի արգելք։
Բանաձևը կոչ է անում Իռլանդիայի կառավարությանը մասնակցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչմանը և հարգել 1.5 միլիոն զոհերի հիշատակը։ Բացի այդ, այն հորդորում է աշխարհի այլ կառավարություններին նույնպես պաշտոնապես ճանաչել ցեղասպանությունը։
Բանաձևում նաև առաջարկվում է Հայոց ցեղասպանության պատմությունը ներառել դպրոցական ծրագրերում՝ պատմական ճշգրիտ համատեքստում, ինչպես նաև առաջարկվում է սահմանել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օր։
Ողջունելով նախաձեռնությունը՝ EAFJD-ի նախագահ Գասպար Կարապետեանը կոչ է արել Իռլանդիայի խորհրդարանին անհապաղ ընդունել բանաձևը։
«Այս բանաձևը հստակ ընդգծում է, որ ցեղասպանության ճանաչումը ոչ միայն էական է ապագայում նման ոճրագործությունները կանխելու համար, այլև հայ ժողովրդի հիմնարար իրավունք է՝ արդարություն պահանջելու իրենց նախնիների համար», — հայտարարել էԿարապետեանը։