Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի Կել քաղաքում նոյեմբերի 23-ին բնակարաններից մեկում հայտնաբերվել են հայ ընտանիքի հինգ անդամների, այդ թվում՝ երեք երեխաների մարմինները, հայտնում է Օֆենբուրգի ոստիկանությունը։

Մահացել են 46-ամյա հայրը, 74-ամյա տատը և 10, 13 ու 14 տարեկան երեք երեխաները։ Ընտանիքի ևս երկու երեխա՝ 11-ամյա աղջիկն ու 12-ամյա տղան, ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։

Ողբերգության մասին հայտնի է դարձել երկուշաբթի առավոտյան, երբ երեխաները չեն ներկայացել դպրոց։ Դրանից հետո իրավապահներն այցելել են ընտանիքի բնակարան, որտեղ հայտնաբերել են մահացածներին և ողջ մնացած երկու երեխաներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բնակարանում գազի բարձր խտություն են արձանագրել։ Հրշեջ ծառայության նախնական տվյալներով՝ մահվան պատճառը կարող է լինել շմոլ գազով թունավորումը։

Բնակարան մուտք գործած ոստիկանության աշխատակցի և ականատեսներից մեկի մոտ նույնպես թունավորման թեթև ախտանշաններ են նկատվել։

Իրավապահ մարմինները հետաքննում են ողբերգության հանգամանքները։ Մահվան ստույգ պատճառը դեռևս չի հաստատվել։