Լույս է տեսել Թուրանի ճանապարհի հայկական սեպը. «Զանգեզուրի միջանցքի» հիմնահարցը խորագրով առաջին գիտական, համակարգված և համապարփակ ուսումնասիրությունը, որը վեր է հանում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագծի գաղափարական հիմքերը, պատմական զարգացումները և քաղաքական նպատակադրումները՝ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական համատեքստում։

Գիրքը համահեղինակել են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը և թյուրքագետ, ադրբեջանագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը։

Աշխատությունը մանրակրկիտ վերլուծում է «միջանցքի» գաղափարի ծագումնաբանությունը, դրա գաղափարախոսական ընթացքը թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական պատկերացումների շրջանակում՝ 20-րդ դարասկզբից մինչև մեր օրերը։

Գրքում ներկայացված են այն քաղաքական և գաղափարախոսական մոտեցումները, որոնց միջոցով Թուրքիան և Ադրբեջանը շարունակաբար ձգտել են մասնատել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ «միջանցքի» պատրվակի ներքո։

Գիրքը նվիրված է Գարեգին Նժդեհի հիշատակին, որպես Սյունիքի պաշտպանության գաղափարական և ռազմաքաղաքական խորհրդանիշ։

Աշխատության գաղափարական առանցքը շեշտադրվում է նաև Մուշեղ Գալշոյանի այս խոսքերի մեջ․

«Հայաստանը վերջնականապես գրավելու համար երկու բան է հարկավոր՝ Արցախ և Սյունիք…»