Ավստրալա-բրիտանացի հայտնի փաստաբան, իրավաբան-գիտնական Ջեֆրի Ռոբերտսոնը (King’s Counsel, KC) իր խորը մտահոգությունն է հայտնել Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված չափազանց խիստ քրեադատավարական միջոցների առնչությամբ՝ ընդգծելով նրան ներկայացված մեղադրանքի քաղաքական ենթատեքստը։

Ռոբերտսոնի գնահատմամբ՝ նախաքննության փուլում կալանքի կիրառումը, որն ուղեկցվել է իրավասու մարմինների ներկայացված սին և անբավարար հիմնավորումներով, դատարանների ընդունած չպատճառաբանված որոշումներով, հակասում է իրավունքի գերակայության սկզբունքին և միջազգային իրավունքով նախատեսված երաշխիքներին։

Կարապետյանը ձերբակալվել է 2025 թվականի հունիսի 18-ին՝ անմիջապես այն բանից հետո, երբ հանդես է եկել հրապարակային ելույթով՝ պաշտպանելով Հայ Առաքելական Եկեղեցին և կոչ անելով քաղաքացիներին գործել, եթե քաղաքական առաջնորդները չպաշտպանեն ազգային և հոգևոր արժեքները։ Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իբր իշխանության ապօրինի զավթմանն ուղղված կոչեր հնչեցնելու համար։ Երևանի առաջին ատյանի դատարանը որոշել է նրան կալանավորել երկու ամսով՝ իրավաբանների և հասարակական-քաղաքական լայն շրջանակի կողմից բնութագրվող քաղաքական ենթատեքստով մեղադրանքների հիման վրա։

Ռոբերտսոնը ներկայումս դիտարկում է Սամվել Կարապետյանի պաշտպանությամբ զբաղվող փաստաբանների միջազգային խմբին միանալու և խմբի կողմից միջազգային կազմակերպություններ ներկայացվող հայցադիմումներին աջակցելու հնարավորությունը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ներկայացուցչության հետագա փուլերում կարող է պաշտոնապես դիտարկվել նաև Ամալ Քլունիի ներգրավումը գործընթացում։ Ջեֆրի Ռոբերտսոնը Doughty Street Chambers ընկերության հիմնադիր-ղեկավարն է։ Նախկինում նա Ամալ Քլունիի հետ ներկայացրել է Հայաստանի շահերը ցեղասպանության ժխտման իրավական պատասխանատվության գործով։ Ջեֆրի Ռոբերտսոնը հայտնի է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն իր մեծ նվիրվածությամբ։