Ադրբեջանը շարունակում է իր ծավալապաշտական ծրագիրը «Արևմտյան Ադրբեջան» պիտակի ներքո։ Այս անվան հետևում թաքնված է հստակ և վտանգավոր օրակարգ․ պնդումը, թե Հայաստանի Հանրապետության ամբողջ ինքնիշխան տարածքը պատկանում է Ադրբեջանին։ Սա զուտ «խորհրդանիշ» չէ։ Դա պետական քաղաքականություն է՝ ապահովված պաշտոնական կառույցներով, փաստաթղթերով և համակարգված քարոզչությամբ՝ մարդկանց նախապատրաստելու Հայաստանի տարածքում ապագա վերաբնակեցմանը։
Բնակչության «նախապատրաստում» Հայաստանի համար
Բաքուն բացահայտ կերպով գրանցել է ավելի քան 100,000 մարդ որպես այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցի», և օրական հարյուրավոր նոր գրանցումներ են կատարվում։ Խոսքը միայն այն մարդկանց մասին չէ, ովքեր լքել են Հայաստանը 1980-ականների վերջին։ Ադրբեջանը գրանցում է նաև նրանց սերունդներին, որոնք երբեք Հայաստան չեն եղել։ Նպատակը պարզ է․ ստեղծել արհեստական «բնակչություն», որը հետագայում կօգտագործվի «վերադարձի իրավունքի» կեղծ պահանջ ներկայացնելու և Հայաստանի ժողովրդագրական պատկերը փոխելու համար։ Պետությունը տրամադրում է անձնագրեր, որտեղ նշվում են հայկական քաղաքներ և գյուղեր՝ իբր որպես ծագման վայրեր։ Այսօր Բաքվից մեկը կարող է ստանալ քարտ, որտեղ գրված է, թե իր «բնօրրանը» Ճամբարակն է։ Սա քաղաքական զենք է՝ հայկական ինքնիշխանությունը ջնջելու նպատակով։
Պետական քարոզչություն
Նույնիսկ երբ ադրբեջանական ԶԼՄ-ները ժամանակավորապես հայտարարում են «Արևմտյան Ադրբեջան» որոշ կազմակերպությունների լուծարման մասին, դա ընդամենը տակտիկական քայլ է, որը Հայաստանի կառավարությունը ներկայացնում է որպես հաջողություն։ Իրականում նման քայլերը պայմանավորված են միջազգային ճնշումներով, մասնավորապես Վաշինգտոնի կողմից։ Բայց գաղափարախոսությունը մնում է անփոփոխ․ բարձր մակարդակի ադրբեջանցի պաշտոնյաներ, այդ թվում պատգամավորներ ու համայնքային ղեկավարներ, բացահայտ հայտարարում են, որ «ադրբեջանցիների վերադարձը Հայաստան» և՛ անխուսափելի է, և՛ արդարացված։ Հայաստանի համար սա քարոզչություն չէ, որը կարելի է անտեսել։ Սա գործողության նախապատրաստություն է։ Ամեն ելույթ, ամեն քարտ, ամեն գրանցում փորձ է՝ ապագա օկուպացիայի օրն ավելի մոտիկացնելու համար։
Լռությո՞ւն, թե՞ համագործակցություն
Վտանգն ավելի մեծ է դառնում Հայաստանի կառավարության լռության պատճառով։ Փոխանակ հասարակությանը և միջազգային հանրությանը զգուշացնելու այս ծրագրի մասին, իշխանությունը տարածում է ստեղծում են պատրանք, թե Ադրբեջանը հրաժարվել է իր ծավալապաշտական նպատակներից։ Իրականում Բաքվում հակառակ ուղերձն է հնչում՝ վստահությամբ և առանց երկմտանքի։ Այս լռությամբ Երևանի իշխանությունները ոչ թե պաշտպանում են խաղաղությունը, այլ Հայաստանի ապագան թողնում են թուրքական աշխարհաքաղաքական ծրագրերին համապատասխանող գաղութացման և կլանման սպառնալիքի տակ։
Ուղիղ վտանգ Հայաստանի գոյությանը
«Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը խորհրդանշական չէ։ Դա ուղղակի սպառնալիք է Հայաստանի որպես պետության գոյությանը։ Արհեստականորեն ձևավորելով «տեղահանվածների» բնակչություն՝ Ադրբեջանը ստեղծում է իրավական ու քաղաքական հիմքեր, որոնց Հայաստանը չի կարող չարձագանքել։ Եթե այս գործընթացը չկանգնեցվի, Հայաստանը կվերածվի երկրի, որի ինքնիշխանությունը կլինի միայն թղթի վրա, իսկ սեփական բնակչությունը՝ փոքրամասնություն սեփական հողում։
Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ երբ քարոզչությունը դառնում է պետական քաղաքականություն ու զենք, այն հանգեցնում է իրական բռնությունների և զրկանքների։ «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը բացառություն չէ։ Եթե այն չկասեցվի, կդառնա վաղվա օկուպացիայի արդարացման գործիք։