ԵԽ Ֆրանսիացի պատգամավոր Մարի Թուսենը պաշտոնական գրավոր հարցում է ներկայացրել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին՝ խոր մտահոգություն հայտնելով Ադրբեջանում շինծու դատավարությունների ենթարկվող հայ պատանդների վատթարացող իրավիճակի վերաբերյալ։
Թուսենը շեշտել է, որ Բաքվում ԿԽՄԿ գրասենյակի փակվելուց հետո՝ որը միակ չեզոք կառույցն էր, որ պարբերաբար մուտք ուներ պատանդների մոտ, և այն պայմաններում, երբ հաղորդվում է նրանց առողջական վիճակի վատթարացման, բուժօգնության բացակայության, երկարատև մեկուսացման և քաղաքական դրդապատճառներով դատական հետապնդումների մասին, Եվրոպական միության դիվանագիտական առաքելությունը Բաքվում պարտավոր է քայլեր ձեռնարկել։
Իր նամակի մեջ Մարի Թուսենը երեք հստակ հարց է ուղղել.
- Արդյո՞ք հանձնաժողովը հանձնարարելու է ԵՄ պատվիրակությանը Բաքվում հետևել և զեկուցել հայ պատանդների առաջիկա դատավարությունների վերաբերյալ։
- Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվելու՝ ապահովելու հումանիտար հասանելիություն և անկախ բժշկական զննումներ առավել խոցելի պատանդների համար։
- Ե՞րբ և ինչ ձևաչափով է հանձնաժողովը պատրաստվում տեղեկացնել Եվրոպական խորհրդարանին և հասարակությանը՝ արդյոք Ադրբեջանը կատարո՞ւմ է իր միջազգային պարտավորությունները։