Հայաստանը կներկայացվի Վենետիկի 61-րդ միջազգային արվեստի բիենալեում Զադիկ Զադիկյանի «Օրհներգ լորդ Բայրոնին» նախագծով, որը կցուցադրվի 2026 թվականի մայիսի 9-ից մինչև նոյեմբերի 22-ը՝ «Փոքր տոնայնություններում» («In Minor Keys») թեմայի ներքո։

Վենետիկի բիենալեն, հիմնադրված 1895 թվականին, համարվում է աշխարհի ամենահեղինակավոր և ազդեցիկ մշակութային միջոցառումներից մեկը։ Այն անցկացվում է երկու տարին մեկ և ծառայում է որպես համաշխարհային հարթակ ժամանակակից արվեստի, ճարտարապետության, կինոյի, պարի, երաժշտության և թատրոնի համար՝ միավորելով արվեստագետների, կուրատորների և հանդիսատեսի տարբեր երկրներից՝ նոր գաղափարներ և արվեստի ձևեր ուսումնասիրելու նպատակով։ Ազգային տաղավարները՝ այդ թվում Հայաստանի տաղավարը, ընդգծում են յուրաքանչյուր երկրի ներդրումը համաշխարհային արվեստի դաշտում՝ բիենալեն դարձնելով գլոբալ մշակութային երկխոսության հիմնաքարը։

Հայաստանի տաղավարի կուրատորի և արվեստագետի ընտրությունը կատարվել է ազգային մրցույթի միջոցով։ Հոկտեմբերի 16-ի նիստում ժյուրին ուսումնասիրել է ներկայացված յոթ առաջարկները և փակ քվեարկությամբ հաղթող է ճանաչել Զադիկյանի նախագիծը։ Տաղավարը կկուրատորեն Թոնի Շաֆրազին և Թինա Շաքարյանը։

Զադիկ Զադիկյանը ժամանակակից վիզուալ արվեստի ներկայացուցիչ է, որը հայտնի է իր ինքնատիպ և նորարարական գործերով, ցուցադրված ԱՄՆ-ի և Եվրոպայի խոշոր պատկերասրահներում։ Թոնի Շաֆրազին ժամանակակից արվեստի ճանաչված մասնագետ է, որն աշխատում է մի շարք առաջատար միջազգային պատկերասրահների հետ, իսկ Թինա Շաքարյանը կուրատոր և կազմակերպիչ է բազմաթիվ ժամանակակից արվեստի ցուցահանդեսների արտասահմանում։