Երեկ երեկոյան վարչապետի և տաս եպիսկոպոսների ստորագրած հայտարարության կապակցությամբ Հայ առաքելական սուրբ եկեղեցին հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ ընթացող գործընթացները կարող են ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ մինչև եկեղեցական հերձում։

Հայտարարության մեջ նշվում է, որ Եկեղեցու ներքին կյանքի կանոնակարգման և բարենորոգման պատրվակով Հայաստանի կառավարության ղեկավարի ձեռնարկած գործողությունները հակասում են ՀՀ Սահմանադրությանը և խախտում են Եկեղեցու իրավունքները՝ ամրագրված թե՛ միջազգային, թե՛ ազգային օրենսդրությամբ։

Եկեղեցին դատապարտում է եպիսկոպոսների ներգրավումը հակաեկեղեցական գործընթացների մեջ, ինչպես նաև քահանայից դասի նկատմամբ կիրառվող ճնշումները՝ ընդգծելով, որ Եկեղեցու կյանքին վերաբերող բոլոր հարցերը քննարկվում են բացառապես եկեղեցական համապատասխան մարմիններում՝ կանոնական կարգավորումների համաձայն։ Միաժամանակ տարակուսանք է հայտնում, որ հիշյալ տաս եպիսկոպոսները մինչ օրս չեն արձագանքել Մայր Աթոռից հղված կոչերին ու հրավերներին և խուսափում են Ամենայն Հայոց Հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի հետ հանդիպումներից ու քննարկումներից։

Հայտարարությունում նաև շեշտվում է, որ Եկեղեցու կանոնակարգային հարցերն ու բարենորոգումները չեն կարող իրականացվել որևէ ինքնահռչակ խորհրդի կողմից, այլ վերապահված են Հայ առաքելական սուրբ եկեղեցու նվիրապետությանը՝ իր բարձրագույն կառույցներով։

Հայտարարության ավարտին Հայ առաքելական սուրբ եկեղեցին զգուշացնում է, որ նման անխոհեմ քայլերը կարող են հանգեցնել հերձման՝ ծանր և ցավալի հետևանքներով։