Բաքվի «դատարանը» մերժել է հայ պատանդների վերաքննիչ բողոքները և ուժի մեջ թողել 2026 թվականի փետրվարի 5-ին կայացված դատավճիռները՝ անփոփոխ թողնելով բոլոր մեղադրանքներն ու ազատազրկման ժամկետները։

Ցմահ ապօրինի ազատազրկման դատապարտված են մնում Արցախի նախկին պաշտոնյաները.

  • Արայիկ Հարությունյան, Արցախի նախկին նախագահ
  • Լևոն Մնացականյան, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար
  • Դավիթ Մանուկյան, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ
  • Դավիթ Իշխանյան, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ
  • Դավիթ Բաբայան, Արցախի նախկին արտաքին գործերի նախարար

«Դատարանը» նաև անփոփոխ է թողել մյուս հայ պատանդների ազատազրկման ժամկետները.

  • Արկադի Ղուկասյան, Արցախի նախկին նախագահ, և Բակո Սահակյան, Արցախի նախկին նախագահ՝ 20 տարի
  • Մադաթ Բաբայան և Մելիքսեթ Փաշայան, նախկին զինվորականներ՝ 19 տարի
  • Գարիկ Մարտիրոսյան, նախկին զինվորական՝ 18 տարի
  • Դավիթ Ալլահվերդյան և Լևոն Բալայան, նախկին զինվորական պաշտոնյաներ՝ 16 տարի
  • Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյան և Էրիկ Ղազարյան, նախկին զինվորական պաշտոնյաներ՝ 15 տարի

Առանձին գործով Բաքվի «դատարանը» նաև մերժել է Ռուբեն Վարդանյանի վերաքննիչ բողոքը՝ ուժի մեջ թողնելով Արցախի նախկին պետական նախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված ապօրինի 20 տարվա ազատազրկման դատավճիռը։