Երևանի նախկին Կենտրոնական փոստատան տարածքում նախատեսվող «World Trade Center Yerevan» համալիրի կառուցումը մտահոգություն է առաջացնում Կոնդի պատմական թունելների ճակատագրի և քաղաքի հնագույն հատվածներից մեկի վրա խոշոր շինարարության հնարավոր ազդեցության պատճառով։
Մոտ 300 միլիոն դոլար արժողությամբ նախագիծն իրականացվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափով։ Հրապարակված տվյալներով՝ նախագծի համար ստեղծված ընկերության բաժնետոմսերի 56 տոկոսը պատկանում է «Ռենշին»-ին, 25 տոկոսը՝ «ՀայՓոստ»-ին, իսկ 19 տոկոսը՝ Փաշինյանի կառավարությանը։
Կոնդի տակ անցնող երկու պատմական թունելները գտնվում են Երևանի կենտրոնի անմիջական հարևանությամբ՝ քաղաքի ամենահին թաղամասերից մեկում։ Մոտ 460 մետր երկարությամբ զուգահեռ թունելները սկսվում են նախկին Կենտրոնական փոստատան տարածքից և հասնում մինչև Հրազդանի կիրճ՝ քաղաքի կենտրոնը կապելով կիրճի հետ։
Թունելների ստեղծման հիմքում Ալեքսանդր Թամանյանի քաղաքաշինական մտահղացումն էր՝ Երևանի կենտրոնն ավելի անմիջականորեն կապել Հրազդանի կիրճի հետ։ Դրանք կառուցվել են խորհրդային շրջանում և արդեն 1950-ականների սկզբին գոյություն ունեին։ Հետագա տասնամյակներին թունելների նշանակությունն ու օգտագործման ձևերը փոխվել են։
Թունելներից մեկը հետագայում փակվել է՝ տեխնիկական վատ վիճակի պատճառով։ Մյուսը մինչ օրս բաց է հետիոտների համար և Դիանա Աբգարի այգին կապում է Հրազդանի կիրճի ու Մանկական երկաթուղու տարածքի հետ։ Ժամանակի ընթացքում թունելները նաև մշակութային նշանակություն են ձեռք բերել․ այստեղ հայտնվել են գրաֆիտիներ, անցկացվել են միջոցառումներ, իսկ տարբեր նախաձեռնություններով առաջարկվել է տարածքը վերածել արվեստի և հանրային կյանքի վայրի։
Սարյան փողոցում արդեն սկսվել են «ՀայՓոստ»-ի նախկին գլխավոր գրասենյակի շենքի քանդմանը նախորդող նախապատրաստական աշխատանքները։ Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ այստեղ նախատեսվող բազմաֆունկցիոնալ համալիրում կարող է կառուցվել շուրջ 50 հարկանի աշտարակ։
Կոնդի թունելների ապագան նույնպես անորոշ է։ Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ նախատեսվում է դրանք ներառել համալիրի ավտոկայանատեղիի համակարգում։ Սա հարցեր է առաջացնում թունելների պահպանման և դրանց պատմական արժեքի շուրջ, առավել ևս, որ թունելներից մեկն արդեն փակ է՝ տեխնիկական վատ վիճակի պատճառով։
Մտահոգություններ կան նաև նախագծի ավելի լայն ազդեցության վերաբերյալ։ Ճարտարապետները քննադատել են նախկին Կենտրոնական փոստատան շենքը քանդելու որոշումը և զգուշացրել, որ նման մասշտաբի բարձրահարկ շինարարությունը կարող է փոխել ոչ միայն Կոնդի ու Հրազդանի կիրճի միջավայրը, այլև Երևանի կենտրոնի ընդհանուր համայնապատկերը։
Չնայած նախագծի ծավալին՝ համալիրի վերջնական տեսքը և Կոնդի թունելների հետ կապված ծրագրերը դեռ ամբողջությամբ չեն ներկայացվել հանրությանը։ Ուստի առայժմ հստակ չէ՝ ինչ ճակատագիր է սպասվում թունելներին, կպահպանվե՞ն արդյոք դրանք ներկայիս տեսքով, և ինչպե՞ս է ապահովվելու դրանց պատմական արժեքի ու հանրային նշանակության պահպանումը։