Booking-ը և GetYourGuide-ը զբոսաշրջային փաթեթներ են առաջարկում դեպի օկուպացված Արցախ, այդ թվում՝ Շուշի և Ստեփանակերտ՝ հայկական այս քաղաքները ներկայացնելով ադրբեջանական «Շուշա» և «Խանքենդի» անվանումներով։
Գովազդվող տեսարժան վայրերի թվում է Շուշիի Գյովհար Աղայի վերին մզկիթը, որի լայնածավալ վերականգնումն ավարտվել է 2019 թվականին՝ հայ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի և IDeA հիմնադրամի աջակցությամբ։
Ադրբեջանն այսօր զբոսաշրջիկներին է ներկայացնում Ռուբեն Վարդանյանի աջակցությամբ վերականգնված հուշարձանը՝ միաժամանակ Վարդանյանին պատանդ պահելով Բաքվում։
Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական իշխանությունները ձերբակալել են 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի հայ բնակչության բռնի տեղահանումից հետո, երբ նա փորձում էր լքել Արցախը։ Նա մինչ օրս պատանդ է պահվում Բաքվում՝ շինծու և քաղաքական դրդապատճառներով մեղադրանքներով։
Այս զբոսաշրջային փաթեթները Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախը յուրացնելու և այնտեղ հայկական ներկայության հետքերը ջնջելու քաղաքականության հերթական դրսևորումն են։ Արցախի բնիկ հայ բնակչությանը բռնի տեղահանելուց հետո Ադրբեջանը փոխում է հայկական տեղանունները, հայաթափված քաղաքները ներկայացնում որպես ադրբեջանական զբոսաշրջային ուղղություններ և փորձում վերացնել դրանց հայկական պատմական ու մշակութային ինքնությունը։
Նմանատիպ զբոսաշրջային առաջարկ նախկինում ներկայացրել էր նաև Marriott Bonvoy-ը։ Հայկական կազմակերպությունների, այդ թվում՝ Հայ Դատի հանձնախմբերի նախաձեռնած արշավից հետո Marriott-ը, ըստ հաղորդումների, հեռացրել է առաջարկը և դրա գովազդային նյութերն իր կայքից։