Նոր արբանյակային լուսանկարները վկայում են, որ օկուպացված Շուշիում ադրբեջանական շինարարությունն արդեն ներթափանցում է 19-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու տարածք՝ շարունակելով փոխել և խեղել հայկական կարևորագույն հուշարձաններից մեկի պատմական միջավայրը։
Caucasus Heritage Watch-ի (CHW) տվյալներով՝ 2026 թվականի ապրիլի 25-ից հուլիսի 23-ը արված արբանյակային լուսանկարներում տաճարի շուրջ մի քանի նոր շինություններ են երևում։ Դրանց կառուցումը հետզհետե փոխում է Ղազանչեցոցի շրջակա պատմական տարածքը և վնասում հուշարձանի ամբողջականությանը։
1887 թվականին կառուցված Ղազանչեցոցը շարունակում էր գործել որպես հայկական աղոթատեղի մինչև 2020 թվականի Արցախյան պատերազմը և Շուշիի օկուպացումը։
Տաճարը դեռևս 2020 թվականի Արցախի պատերազմի ժամանակ դարձել էր ադրբեջանական ուժերի ուղիղ հարձակման թիրախ։ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին այն երկու անգամ հարվածի ենթարկվեց կառավարվող զինամթերքով։ Human Rights Watch-ը հետագայում արձանագրեց, որ հարվածները, ամենայն հավանականությամբ, դիտավորյալ էին և կարող էին որակվել որպես ռազմական հանցագործություն։
Շուշին օկուպացնելուց հետո Ադրբեջանի իշխանությունները սկսեցին տաճարի այսպես կոչված «վերականգնումը»։ Աշխատանքների ընթացքում հեռացվեց Ղազանչեցոցի բնորոշ կոնաձև գմբեթը, փոփոխվեցին նաև նրա հայկական պատմական ճարտարապետության մի շարք կարևոր տարրեր։ CHW-ն այդ միջամտությունը բնորոշել է որպես «խեղաթյուրող վերականգնում»։
Satellite imagery shows a new threat to the integrity of the 19th century Ghazanchetsots Armenian Cathedral in Shusha. Between April 25 and July 23, 2026, buildings arose on the grounds of the cathedral, encroaching on a sacred landscape. 1/3 pic.twitter.com/SgrJoxa7Wt
— CaucasusHeritageWatch (@CaucasusHW) August 20, 2026
Նոր շինարարությունը մաս է կազմում օկուպացված Շուշիի լայնածավալ վերակառուցման ծրագրի, որի գլխավոր հատակագիծը մշակել է բրիտանական Chapman Taylor ճարտարապետական ընկերությունը։ Ծրագրի շրջանակում այժմ վերափոխվում է նաև քաղաքի ամենաճանաչելի հայկական հուշարձաններից մեկի անմիջական շրջակայքը։
Օկուպացված Շուշիում Ղազանչեցոցի շուրջ կատարվող այս փոփոխությունները հաջորդում են Ստեփանակերտի հայկական եկեղեցիների ոչնչացմանը։ 2026 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ամբողջությամբ քանդվել է Սուրբ Աստվածամոր մայր տաճարը, իսկ մինչ այդ ոչնչացվել էր նաև Սուրբ Հակոբ եկեղեցին։
Նույն պատկերը նկատվում է ամբողջ օկուպացված Արցախում։ Ադրբեջանի վերահսկողության տակ հայկական եկեղեցիները, գերեզմանատները, հուշարձաններն ու հայկական ներկայության այլ վկայությունները կամ ոչնչացվում են, կամ վերափոխվում այնպես, որ ջնջվի դրանց հայկական պատկանելությունն ու պատմական ինքնությունը։
CHW-ն Շուշիի վերակառուցման աշխատանքներում ներգրավված ընկերություններին կոչ է արել պահպանել պատմական վայրի իսկությունն ու ամբողջականությունը։