ՀՀ ներքին գործերի նախարարությունը պաշտպանում է իր որոշումը, որով բռնազավթված Արցախից բռնի տեղահանված և հետագայում ՀՀ քաղաքացիություն ստացած հայերի նոր կենսաչափական փաստաթղթերում որպես ծննդավայր նշվում է «Ադրբեջան»։ Նախարարությունը հղում է անում միջազգային չափանիշներին, սակայն չի մատնանշում որևէ դրույթ, որը պարտադրում է Արցախում ծնված անձանց փաստաթղթերում նման գրառում կատարել։

Այս որոշումը Փաշինյանի իշխանությունների այն քայլերի հերթական դրսևորումն է, որոնք բարդացրել են բռնի տեղահանված արցախահայերի իրավական կարգավիճակի հստակեցումն ու պաշտոնական փաստաթղթերում նրանց ծագման վայրի պատշաճ արձանագրումը։

2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակումից և ավելի քան 100 հազար հայերի բռնի էթնիկ զտումից հետո իշխանությունները հայտարարեցին, որ տարիներ շարունակ արցախահայերի կողմից միջազգային ճանապարհորդությունների համար օգտագործված՝ «070» ծածկագրով ՀՀ անձնագրերն ինքնին չեն հավաստում Հայաստանի քաղաքացիությունը։ Նույն թվականի հոկտեմբերի 26-ին Փաշինյանի վարչակազմը համապատասխան պայմաններին բավարարող բռնի տեղահանված արցախահայերին տրամադրեց ժամանակավոր պաշտպանություն՝ նրանց ՀՀ ապաստանի մասին օրենսդրության համաձայն ճանաչելով փախստական։

Նոյեմբերի 19-ին տարածած պարզաբանման մեջ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը պնդել է, որ օտարերկրյա սահմանապահ մարմինները բազմիցս խնդիրներ են արձանագրել նախկին կապույտ անձնագրերում առկա գրառումների առնչությամբ։ Ծառայության ներկայացմամբ՝ նոր համակարգում միասնական մոտեցման կիրառումը նպատակ ունի կանխելու սահմանահատումների ժամանակ առաջացող դժվարությունները։

Սակայն գերատեսչությունը չի հստակեցրել, թե որ երկրների սահմանապահ մարմինների մասին է խոսքը և հատկապես որ գրառումներն են առարկությունների պատճառ դարձել։

Մինչդեռ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) 9303 փաստաթղթի 3.7 բաժնի համաձայն՝ ծննդավայրի նշումը պարտադիր չէ։ Եթե փաստաթուղթ տրամադրող մարմինը որոշում է ներառել այդ տեղեկությունը, կարող է նշել բնակավայրը, քաղաքը, երկրի անվանումը կամ դրանց համադրությունը։ Իսկ երկրի անվանումը նշելու դեպքում, եթե առկա է համապատասխան եռատառ ծածկագիր, պետք է կիրառվի հենց այդ ծածկագիրը։

Այսպիսով, միջազգային չափանիշները թույլ են տալիս ծննդավայրի գրառման տարբեր ձևաչափեր, մինչդեռ ՆԳՆ-ն մինչ այժմ չի ներկայացրել որևէ դրույթ, որը պարտադրում է Արցախում ծնված անձանց ծննդավայրի փոխարեն նշել «Ադրբեջան»։

Արդյունքում՝ Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով սեփական հայրենիքից բռնի տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած արցախահայերի նոր փաստաթղթերում որպես ծննդավայր արձանագրվում է հենց «Ադրբեջան»։

Նախարարության պարզաբանումը նաև անպատասխան է թողնում առանցքային հարցը՝ արդյոք նոր համակարգը հնարավորություն տալիս է որպես ծննդավայր նշել հայկական բնակավայրերի պատմական անվանումները, այդ թվում՝ Ստեփանակերտը կամ Շուշին, առանձին կամ համապատասխան երկրի ծածկագրի հետ միասին։