Արցախից բռնի տեղահանված հայերի նոր կենսաչափական անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելու որոշումը բողոքի ալիք է բարձրացրել։ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն այն հիմնավորում է միջազգային ստանդարտներով, սակայն վկայակոչվող փաստաթղթերը չեն պարտադրում ծննդավայրի դաշտում նշել բացառապես պետության անունը։

Արցախի հանրային խորհրդի անդամ, հասարակական գործիչ Նարե Սիմոնյանը Aysor.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ այս իրավիճակը ոչ թե միջազգային պահանջների, այլ տարիների ընթացքում իրականացված օրենսդրական փոփոխությունների հետևանք է։

Նրա խոսքով՝ իշխանությունները 2021 թվականից սկսած աստիճանաբար փոխել են անձնագրերում ծննդավայրի գրանցման կարգը՝ ի վերջո հասնելով նրան, որ արցախցիների փաստաթղթերում իրենց հայրենիքի փոխարեն նշվի Ադրբեջանը։

«Այս իրավիճակին հասել են տարիների ընթացքում՝ օրենսդրական աստիճանական փոփոխությունների միջոցով՝ ճիշտն այնպես, ինչպես «Արցախը Հայաստան է, և վերջ»-ից անցան «Արցախը Ադրբեջան է»-ին», նշել է Սիմոնյանը։

Մինչև 2021 թվականի դեկտեմբերը արցախցիների՝ ՀՀ քաղաքացիությունը հավաստող անձնագրերում որպես ծննդավայրի երկիր նշվում էր Հայաստանի Հանրապետությունը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախի Հանրապետություն)։

2021 թվականի դեկտեմբերին ընդունված ՀՕ-376-Ն օրենքով հնարավորություն ստեղծվեց անձի ցանկությամբ պետության փոխարեն նշել ծննդյան քաղաքը կամ մարզը։ Օրենսդրական փոփոխության հիմնավորման մեջ հիշատակվում էին հակամարտությունների հետ առնչվող տարածքներ, այդ թվում՝ Հարավային Օսեթիան և Կոսովոն, սակայն ոչ Արցախը։

Սիմոնյանի գնահատմամբ՝ արդեն այդ ժամանակ նկատելի էր, որ փոփոխությունները կարող էին ուղղված լինել արցախցիների անձնագրերում «ՀՀ» կամ «ԼՂՀ» նշումներից հրաժարվելուն։

2023 թվականին, Ադրբեջանի ռազմական հարձակումից և Արցախի հայաթափումից հետո, ՀՀ իշխանությունները դադարեցին արցախցիների նախկին անձնագրերը դիտարկել որպես ՀՀ քաղաքացիությունը հավաստող բավարար հիմք՝ նրանց ուղղորդելով քաղաքացիության ձեռքբերման նոր ընթացակարգերի։

Նոր անձնագրեր ստացած որոշ արցախցիների փաստաթղթերում որպես ծննդավայր արդեն նշվում էր «Ադրբեջան»։ Ըստ Սիմոնյանի՝ քաղաքացիների առարկություններից հետո անձնագրային բաժիններում առաջարկվում էր նոր դիմում ներկայացնել և պետության անվան փոխարեն նշել ծննդյան քաղաքը։

Սակայն 2026 թվականի մայիսին ընդունված օրենսդրական փոփոխությամբ ծննդավայրի դաշտում նախատեսվեց նշել միայն պետությունը՝ վերացնելով քաղաքը նշելու նախկին հնարավորությունը։

Այսպիսով, այն արցախցիները, որոնց նախկին անձնագրերում ծննդավայրի դիմաց նշված էր «ՀՀ», «ԼՂՀ» կամ Արցախի որևէ բնակավայր, այժմ կարող են ստանալ փաստաթուղթ, որտեղ այդ նշումը փոխարինված կլինի «Ադրբեջան» անվամբ։

Միջազգային ստանդարտները նման պարտադրանք չեն սահմանում։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության վկայակոչած ICAO Doc 9303 փաստաթղթի 3-րդ մասի 3.7 կետի համաձայն՝ ծննդավայրի դաշտը կամընտիր է։ Եթե այն ներառվում է անձնագրում, հնարավոր է նշել քաղաքը, ավանը, արվարձանը և/կամ պետությունը։ Հետևաբար միջազգային այդ ստանդարտը չի արգելում ծննդավայրի դաշտում նշել միայն քաղաքը։

ISO 3166-1 ստանդարտը սահմանում է պետությունների կոդերը, որոնք կիրառվում են, մասնավորապես, անձնագիրը տրամադրող պետությունն ու անձնագրատիրոջ քաղաքացիությունը նշելու համար։ Սակայն այդ ստանդարտը ծննդավայրի դաշտում բացառապես պետության անվանումը գրելու պահանջ չի սահմանում։

Այս հանգամանքները հարցականի տակ են դնում ՆԳՆ-ի այն հիմնավորումը, թե «Ադրբեջան» նշումը պայմանավորված է միջազգային պարտադիր պահանջներով։ Եթե ՀՀ իրավական կարգավորումները պահանջում են ծննդավայրի դաշտում նշել միայն պետությունը, ապա այդ պահանջի հիմքը պետք է փնտրել ներպետական օրենսդրության մեջ։

Նարե Սիմոնյանը որոշումը դիտարկում է նաև որպես արցախցիների նկատմամբ հոգեբանական ճնշում։

«Սա ցեղասպանություն և էթնիկ զտում անցած մարդկանց արժանապատվությանը հարվածող քայլ է։ Մարդիկ տասնյակ տարիներ շարունակ պայքարել են երկրի անկախության համար, անցել պատերազմների, ցեղասպանության, բռնի տեղահանության միջով։ Հիմա այդ մարդկանց ստիպում են իրենց անձնագրերում տեսնել մի երկրի անուն, որը ցեղասպանել է իր ժողովրդին և մարդկության դեմ հանցագործության ճանապարհով իրեն իր բնօրրանից վռնդել», հայտարարել է նա։

Սիմոնյանի համոզմամբ՝ այս քաղաքականությունը կարող է նաև խոչընդոտել արցախցիների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացին՝ նրանց կանգնեցնելով սեփական ինքնությունն ու ծննդավայրը խեղաթյուրող փաստաթուղթ ընդունելու կամ քաղաքացիության ձեռքբերումից հրաժարվելու ընտրության առաջ։

«Այս կերպ միտումնավոր վիրավորում են հազարավոր մարդկանց արժանապատվությունը, որպեսզի նրանք հրաժարվեն և չցանկանան ունենալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն», ընդգծել է նա։

Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշելու շուրջ վեճն այսպիսով դուրս է գալիս տեխնիկական կամ վարչարարական հարցի շրջանակներից։ Այն առնչվում է բռնի տեղահանված մարդկանց իրավական կարգավիճակին, ինքնությանը և իրենց ծննդավայրի մասին պաշտոնական փաստաթղթերում հավաստի տեղեկություն ունենալու իրավունքին։

Մինչ ՆԳՆ-ն հղում է անում միջազգային ստանդարտներին, քննադատները պնդում են, որ խնդիրը ՀՀ իշխանությունների ընդունած իրավական կարգավորումներն են, որոնց արդյունքում Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված արցախցիներն այժմ ստիպված են իրենց անձնագրերում որպես ծննդավայր տեսնել հենց Ադրբեջանի անունը։