1994 թվականի ապրիլ-հուլիս ամիսներին Ռուանդայում 100 օրվա ընթացքում սպանվեց մոտ 800000 թութսի։ Ցեղասպանությունը սկսվեց ոչ թե մաչետեով, այլ ռադիոյով։

Radio Télévision Libre des Mille Collines (RTLM) «Հազար բլուրների ազատ ռադիոն» հեռարձակվում էր 1993 թվականի հուլիսից մինչև 1994-ի հուլիս։ Այն ստացավ «Ցեղասպանության ռադիո» և «Հութու Պաուեր ռադիո» մականունները։

RTLM-ը չէր խոսում պետական չոր լեզվով։ Այն աշխատում էր ժողովրդական ոճով՝ ժամանակակից երաժշտությամբ (հատկապես Զաիրից), ծիծաղով, կատակներով և «մենք բոլորս գիտենք» ձևաչափով։ Թութսիներին անվանում էր «ուռուճներ» (inyenzi), «օձեր», «ժողովրդի թշնամիներ»։ Հետագայում ռադիոն ուղղակի հեռարձակում էր սպանության ենթակա մարդկանց անունները, նրանց տների հասցեներն ու թաքստոցները։ Մեկ օրինակ՝ «Գնացեք Ռուգունգա, այնտեղ ուռուճների խրճիթներն են ճահճում… Ով զենք ունի՝ շրջապատեք ու սպանեք»։

Միջազգային քրեական տրիբունալը (ICTR) RTLM-ի հիմնադիրներից և ղեկավարներից մի քանիսին դատապարտեց ցեղասպանության դրդման համար։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ռադիոյի ազդեցությամբ տեղի է ունեցել առնվազն 10 տոկոսը բոլոր սպանություններից։

Մեր օրերում Հայաստանում նույն մեխանիզմն է աշխատում պետական մակարդակով։

2023-ի սեպտեմբերյան էթնիկ զտումից հետո, երբ Արցախից ավելի քան 100000 հայեր բռնի վտարվեցին, իշխանությունը սկսեց Արցախցիներին պիտակավորել «փախածներ»։ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարում էր՝ «մենք միլիարդներ ծախսեցինք, որ դուք մնաք, բայց դուք փախան»։ Արցախցի կանանց մետրոյում մեղադրում էին՝ «փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղը տվեցի»։

Եվ մի քանի օր առաջ այդ ատելության լեզուն հասավ աննախադեպ մակարդակի։

2026 թվականի մայիսի 18-ին Արաբկիրում նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպյանի դեմ պոռթկալով ասաց.
 «Գնայիր, զոհվեիր, դու խի՞ ես կենդանի, դու խի՞ չես զոհվել, այ տականք»։

Նա շարունակեց՝ «գլուխդ պատին ես տվել», «թալանչի անասուններ», «Շահրամանյանն ինչու է կենդանի», «ձեր Ազգային ժողով կոչվածները ինչու են կենդանի»։

Սա այլևս քաղաքական վիճաբանություն չէ։ Սա պետության ղեկավարի կողմից արցախցի հայի նկատմամբ ուղղակի ատելության և մահվան մաղթանք է։

Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն կառուցում է ատելության համակարգ.

  • Արցախցիներին դարձնում է մեղավորներ իրենց իսկ ցեղասպանության և տեղահանման համար («փախածներ», «չմնացածներ»),
  • Արցախյան շարժումն ու պայքարը հայտարարում է «ֆատալ սխալ» և «պետության ձախողում»,
  • Ընդդիմությունը պիտակավորում է «պատերազմի կուսակցություն», «5-րդ շարասյուն», «ռուսամետ դավաճաններ»։

Ռուանդայի դասը ճիշտ էր. ատելության քարոզչությունը չի արձագանքում իրականությանը, այլ ստեղծում է այն։ Ապամարդկայնացում, բաժանում, նորմալացում, ակտիվացում։

Հայաստանում այս փուլերը արդեն անցնում են մեր աչքի առաջ.
 Ապամարդկայնացում. Արցախցուն «փախած» և «տականք» անվանելով, ով «չի զոհվել»։
 Բաժանում. ժողովուրդը բաժանվում է «մեր» և «նրանց»՝ «խաղաղասեր» և «պատերազմասեր»։
 Նորմալացում. վարչապետի բերանից «դու խի չես մեռել» ասելը դառնում է նախընտրական քարոզչության մաս։

Մեր պատմությունը՝ 1915-ի Ցեղասպանությունից մինչև Սումգայիթ, Բաքու և Մարաղա, մեկ բան է սովորեցրել. ամեն ջարդ սկսվել է խոսքից, ատելության լեզվից, «թշնամի» և «դավաճան» պիտակներից։

Այսօր այդ լեզուն գալիս է Հանրապետության վարչապետից։

Ժամանակն է ուղղակի ասելու.
 Չենք գնալու այնտեղ, որտեղ Արցախի հայերին «փախածներ» և «տականքներ» են անվանում մեր սեփական պետությունում։
 Չենք գնալու այնտեղ, որտեղ վարչապետը արցախցուն հարցնում է՝ «դու խի՞ չես մեռել»։
 Չենք գնալու այնտեղ, որտեղ տեղահանվածները դառնում են հանրության թիրախ, իսկ իշխանությունը՝ անմեղ զոհ։
 Չենք գնալու այնտեղ, որտեղ պետական ատելությունը բաժանում է հայ ժողովրդին ներսից։

Բառերը սպանում են։
 Մեր պատմությունը դա վճարել է ամենադառը գնով։

Եթե այս անգամ չկանգնենք, «փախածներ»-ից և «դու խի չես մեռել»-ից կարող է սկսվել նոր ողբերգություն՝ այս անգամ մեր ներսում։