Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, նոր մարդասիրական նախաձեռնություն է սկսել՝ աշխարհի տարբեր երկրներից աջակցության նամակներ և համերաշխության ուղերձներ փոխանցելու Ադրբեջանում պահվող հայ պատանդներին։
Նախաձեռնության նպատակն է օգնել, որպեսզի հայ պատանդները կապ պահպանեն արտաքին աշխարհի հետ և իմանան, որ իրենց չեն մոռացել, ինչպես նաև հնարավորություն տալ բոլոր ցանկացողներին իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնել գերության մեջ գտնվող հայերին։
Զոնաբենդի խոսքով՝ նման կապերի պահպանումը կարևոր նշանակություն ունի ազատությունից զրկված մարդկանց արժանապատվությունը պահպանելու համար։
«Սա փորձ է գոնե նվազագույն կապ ստեղծելու գերության մեջ գտնվողների, նրանց ընտանիքների և բոլոր այն մարդկանց միջև, ովքեր մտահոգված են նրանց ճակատագրով։ Այդ կապն օգնում է մարդուն պահպանել իր արժանապատվությունը, իսկ առանց արժանապատվության հնարավոր չէ խոսել հարևան ժողովուրդների միջև իրական և կայուն խաղաղության մասին», — ասել է նա։
Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում նախաձեռնության կազմակերպիչները կհավաքեն աջակցության նամակներ և կփորձեն դրանք ընտանիքների ուղարկած փաթեթների հետ միասին փոխանցել Ադրբեջանում պահվող հայ պատանդներին։
Նամակները կարելի է ուղարկել ցանկացած լեզվով՝ letters@freearmenianprisoners.com էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայում նշելով «Letter of Support – Armenian Detainees»։
Եթե նամակը նախատեսված է կոնկրետ պատանդի համար, նամակի թեմայում անհրաժեշտ է նշել նրա անունը։
Զոնաբենդը նաև հայտնել է, որ ավելի ուշ կհրապարակվեն այն կանանց անունները, որոնք կընդգրկվեն նամակներն ու ընտանիքների ուղարկած փաթեթները փոխանցող պատվիրակության կազմում։