Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը պաշտոնապես տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի», հայտարարել են երկու ակումբները։
26-ամյա կիսապաշտպանը հեռանում է «Կրասնոդարից»՝ որպես ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը և ակադեմիայի ամենահաջող սաներից մեկը։
Հիմնական թիմի կազմում անցկացրած 185 խաղում Սպերցյանը դարձել է 102 գոլային գործողության հեղինակ՝ խփելով 58 գոլ և կատարելով 44 գոլային փոխանցում։ Այդ ցուցանիշով նա «Կրասնոդարի» պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն է։
2024/25 մրցաշրջանում, լինելով թիմի ավագը, Սպերցյանը «Կրասնոդարին» առաջնորդեց դեպի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի պատմական առաջին չեմպիոնությունը։ 2025/26 մրցաշրջանում նա կրկին անցկացրեց տպավորիչ մրցաշրջան՝ օգնելով թիմին զբաղեցնել երկրորդ տեղը, դառնալով Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ասիստենտը՝ 16 գոլային փոխանցմամբ, ինչպես նաև առաջնության լավագույն ֆուտբոլիստը «գոլ + փոխանցում» համակարգով՝ գրանցելով 29 գոլային գործողություն (13 գոլ և 16 գոլային փոխանցում)։
«Կրասնոդարը» շնորհակալություն է հայտնել Սպերցյանին ակումբում ունեցած մեծ ներդրման համար և հաջողություն մաղթել նրան կարիերայի նոր փուլում՝ «Ալ Ահլիի» կազմում։