Այսօր վերսկսվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների դեմ քրեական գործի դատական քննությունը։

Գործը կապված է Արման Սարոյանի՝ նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ։ Հունվարի 10-ին Մայր Աթոռը նրան ազատել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից։ Սարոյանը դիմել էր դատարան, որը կիրառել էր հայցի ապահովման միջոց։ Դրանից հետո նրան կարգալույծ էին հռչակել։ Իշխանությունն այդ կարգալուծումը որակել է որպես դատական ակտի կատարմանը խոչընդոտում և քրեական գործ հարուցել Կաթողիկոսի ու եպիսկոպոսների դեմ։

Այսօրվա նիստին Սարոյանը դատարան է մտել ոստիկանների ուղեկցությամբ, մինչ դրսում հավաքվածները վանկարկում էին «Դավաճան» և «Ամոթ»։ Նիստի մեկնարկին դատարանը մերժել է Սարոյանի՝ նիստը դռնփակ անցկացնելու միջնորդությունը։

Նիստի մեկնարկից շատ չանցած դատավոր Սերժ Ռուշանյանը որոշել է գործը փոխանցել Երևանի առաջին ատյանի քրեական դատարան։ Պաշտպանական կողմը պնդում է, որ գործը պետք է մնա Արմավիրում, քանի որ եկեղեցական որոշումները կայացվել են Էջմիածնում։

Անդրադառնալով այդ որոշմանը՝ փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշել է, որ գործն ըստ տարածքային ընդդատության կարող է փոխանցվել միայն այն դեպքում, երբ հաստատապես պարզ է, որ ենթադրյալ արարքը կատարվել է մեկ այլ կոնկրետ դատարանի դատական տարածքում։ Նրա խոսքով՝ եթե նման հստակություն չկա, դատարանը չի կարող գործն ուղարկել Երևան։ Մելիքյանը նաև հարց է բարձրացրել՝ այդ դեպքում ինչո՞ւ հենց Երևան, այլ ոչ, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ։

Իսկ Վեհափառ Հոր պաշտպան Արա Զոհրաբյանը մտահոգություն է հայտնել, որ գործը Երևան տեղափոխելով կտրուկ մեծանում է հավանականությունը, որ այն կարող է մակագրվել Կարեն Ֆարխոյանին, Արմինե Մելիքսեթյանին կամ Մասիս Մելքոնյանին, ովքեր առնչվել են ընդդիմադիրների և բարձրաստիճան հոգևորականների գործերին։

Գործընթացն ընթանում է Փաշինյանի՝ Եկեղեցու և Կաթողիկոսի դեմ շարունակվող արշավի ֆոնին։