ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին մինչև օգոստոսի 31-ը ներկայացնել պատանդների գործերով դատավճիռները

Ադրբեջանը պարբերաբար դիմում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով չեղարկել ապահովիչ միջոցը, որով պարտավորվում է ժամանակ առ ժամանակ ներկայացնել հաշվետվություններ Ադրբեջանում պահվող հայ պատանդների պահման պայմանների և նրանց առողջական վիճակի վերաբերյալ։ Ադրբեջանը պնդում է, որ բոլոր գործընթացները ընթանում են թափանցիկ և հրապարակային։ Այս մասին հայտնում է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը (The Center of International and Comparative Law)։

2026 թվականի ապրիլի 9-ին ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի հերթական դիմումը՝ կրկին պարտավորեցնելով երկրի կառավարությանը շարունակել ներկայացնել տեղեկություններ կալանավորվածների պահման պայմանների վերաբերյալ, ինչպես նաև նրանց վերջին բժշկական քարտերը և այլ փաստաթղթեր, որոնք վերաբերում են իրականացված բժշկական հետազոտություններին և բուժմանը։

Բացի այդ, ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է ներկայացնել հայ պատանդների նկատմամբ հարուցված քրեական գործերի շրջանակում կայացված դատավճիռների պատճենները կամ դրանց ամփոփումները, ներառյալ դատավորների հիմնավորումները՝ հիմնված գործով ներկայացված ապացույցների վրա։

Հաջորդ հաշվետվության ներկայացման վերջնաժամկետը սահմանվել է 2026 թվականի օգոստոսի 31-ը։