Իսրայելի կառավարությունը կիրակի օրը միաձայն հաստատել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մասին որոշման նախագիծը, որը ներկայացրել էր արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, և այն ուղարկել է Քնեսեթ՝ վերջնական քվեարկության։

«Երբեք ուշ չէ ճիշտ քայլ կատարելու համար», քվեարկությունից հետո հայտարարել է Սաարը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը որակելով «ինչպես բարոյական, այնպես էլ պատմական պարտականություն» և դատապարտելով պատմական ճշմարտությունը ժխտելու կամ խեղաթյուրելու բոլոր փորձերը։

Եթե Քնեսեթը հաստատի նախագիծը, Իսրայելը պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ վերջ դնելով տասնամյակներ շարունակվող քաղաքականությանը, որի շրջանակում Իսրայելի կառավարությունները խուսափել են այդ քայլից՝ Թուրքիայի, իսկ վերջին տարիներին նաև Ադրբեջանի հետ ռազմավարական և դիվանագիտական հարաբերությունների պատճառով։

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Իսրայելում քննարկվում է արդեն երկար տարիներ։ Առանձին պատգամավորներ և Քնեսեթի հանձնաժողովներ բազմիցս աջակցել են ճանաչմանը, սակայն մինչ այժմ Իսրայելի որևէ կառավարություն չէր հաստատել նման նախագիծ, որը կարող էր հանգեցնել պետական մակարդակով պաշտոնական ճանաչման։

Թուրքիան շարունակում է հերքել, որ 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված համակարգված զանգվածային կոտորածները, բռնի տեղահանություններն ու հալածանքները ցեղասպանություն էին։

«Ցեղասպանություն» եզրույթը 1944 թվականին ձևակերպել է լեհահրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինը, որը Հայոց ցեղասպանությունը համարել էր այն առանցքային իրադարձություններից մեկը, որը նրան մղել էր մշակելու և միջազգային իրավունքում սահմանելու «ցեղասպանություն» հասկացությունը։