Միլանի «Ինտերը» պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, հայկական ֆուտբոլի լեգենդ Հենրիխ Մխիթարյանը մեկ տարով երկարաձգել է իր պայմանագիրը ակումբի հետ։ Նոր համաձայնագրով նա «ներաձուրիների» կազմում կմնա մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

«Շարունակում ենք մեր ճանապարհը», նշել է «Ինտերը»՝ հաստատելով պայմանագրի երկարաձգումը։

Իտալացի լրագրող և տրանսֆերային ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկություններով, նոր պայմանագրով Մխիթարյանը կստանա տարեկան 2 միլիոն եվրո աշխատավարձ, ինչպես նաև արդյունավետությունից կախված բոնուսներ։

37-ամյա կիսապաշտպանին թիմում պահելու որոշումը լիովին աջակցել է նաև «Ինտերի» նոր գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն, որը Մխիթարյանին համարում է իր նախագծի առանցքային խաղացողներից՝ անկախ տարիքից։

2025/26 մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը ևս մեկ անգամ ապացուցեց իր կարևորությունը՝ մասնակցելով 39 հանդիպման Ա Սերիայում, ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում, Իտալիայի գավաթում և Սուպերգավաթում։ Նրա հաշվին չորս գոլ և երեք գոլային փոխանցում կա, իսկ իր կայուն ու վստահ խաղով նա շարունակում է մնալ «Ինտերի» ամենահուսալի կիսապաշտպաններից մեկը։

2022 թվականին «Ռոմայից» ազատ գործակալի կարգավիճակով «Ինտեր» տեղափոխվելուց հետո Մխիթարյանը դարձել է թիմի հաջողությունների գլխավոր հեղինակներից մեկը։ Նրա մասնակցությամբ միլանյան ակումբը նվաճել է Իտալիայի չեմպիոնի տիտղոսը, երկու անգամ հաղթել Իտալիայի Սուպերգավաթում, մեկ անգամ՝ Իտալիայի գավաթում, ինչպես նաև երկու անգամ հասել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

Մխիթարյանը համարվում է Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստներից և ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։ Նոր պայմանագիրը նշանակում է, որ նա առնվազն մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը կշարունակի կրել «Ինտերի» մարզաշապիկը։