Արցախի պաշտպանության բանակի նախկին գնդի հրամանատարի տեղակալ, «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանակիր գնդապետ Էդիկ Մալոյանի նկատմամբ իշխանությունները հարուցել են քրեական հետապնդում՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով։
Այս մասին հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեն, սակայն չի ներկայացրել ոչ մի ապացույց, ոչ մի կոնկրետ տեղեկություն կամ գործի մանրամասներ՝ միայն ավելի ուժեղացնելով կասկածները, որ սա քաղաքական պատվերով հալածանք է հայրենիքի իսկական պաշտպանների դեմ։
Նույն մեղադրանքն առաջադրվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա Ռ. Ջ.-ին։
Իշխանությունները շարունակում են թաքցնել գործի բովանդակությունը՝ ցույց տալով, որ վախենում են թափանցիկությունից և ժողովրդի դատից։
Գնդապետ Մալոյանը ձերբակալվել է հուլիսի 2-ին Թալինում իր բնակարանում իրականացված խուզարկության ժամանակ։ Սկզբում ՔԿ-ն միայն հաստատել էր ձերբակալության փաստը՝ հրաժարվելով որևէ բան մեկնաբանել, իսկ ժամեր անց հայտարարել է «հետապնդման» մասին։
Էդիկ Մալոյանը մասնակցել է 2020 թվականի Արցախյան պատերազմին։ Նրա անունը կապվում է նաև 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ընթացքում Մարտակերտի ուղղությամբ գտնվող ՊՇ-116 դիրքի գրավման հետ, որտեղ հերոսաբար զոհվեցին Ռոբերտ Աբաջյանը, Արմենակ Ուրֆանյանը, Անդրանիկ Զոհրաբյանը և Քյարամ Սլոյանը։ Այդ մարտում ցուցաբերած խիզախության համար նա արժանացել է «Մարտական խաչ» շքանշանի։
Ձերբակալությանը կտրուկ արձագանքել է «Ուժեղ Հայաստան դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։
«Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականն է, Էդիկ Մալոյանը:
Մարտական Խաչ 1 ին աստիճան:
2020 թ Պատերազմից հետո սահմանազատման ժամանակ, երբ ադրբեջանցի հրամանատարը անհարգալից է վարվում մեր զինվորի նկատմամբ, Մալոյանը բոլորի ներկայությամբ ծեծում է ադրբեջանցի հրամանատարին որի համար հայ հրամանատարության կողմից հեռացվում է բանակից:
Այսօր նրան ձերբակալել են Ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար:
Հպարտ եմ որ այսպիսի տղաներ են մեր կողքին, մենք էլ կլինենք իրենց կողքին», — գրել է նա։