Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը հայտարարել է իր հրաժարականի մասին։

«Երկար մտորումներից հետո որոշում եմ կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։ Երբ անհրաժեշտ միասնականությունն ու ընդհանուր պատասխանատվությունը բացակայում են, մեկ կամ մի քանի հոգի չեն կարող շարունակաբար կրել ամբողջ բեռը։ Ուստի այս որոշումը նաև պետական կառույցը անձնական շահարկումներից և արհեստականորեն ստեղծված հակադրություններից զերծ պահելու գիտակցված քայլ է», գրել է Դանիելյանը։

«Ազատ հայրենիք» խմբակցության անդամ Դանիելյանը 2025 թվականի մայիսի 21-ին միաձայն ընտրվել էր վտարանդի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ՝ փոխարինելով Դավիթ Իշխանյանին, որը 2023 թվականի հոկտեմբերին ադրբեջանական ուժերի կողմից գերեվարվելուց հետո շարունակում է պատանդ պահվել Բաքվում։

Նա հրաժարականի այլ մանրամասներ չի հայտնել։