ՀՀ ԱԺ-ն ընդունել է օրենք, որով արտերկրում բնակվող Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ կզրկվեն ապագա խորհրդարանական ընտրություններին և համապետական հանրաքվեներին մասնակցելու իրավունքից։

Նոր օրենքի համաձայն՝ խորհրդարանական ընտրություններին և համապետական հանրաքվեներին քվեարկելու իրավունք կունենան միայն այն ՀՀ քաղաքացիները, որոնք ընտրությունից 48 օր առաջ նախորդ 730 օրերի ընթացքում առնվազն 366 օր բնակվել են Հայաստանում։

Նոր պահանջը կվերաբերի բազմաթիվ աշխատանքային միգրանտների, սեզոնային աշխատողների, արտերկրում աշխատող ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև տասնյակ հազարավոր սփյուռքահայերի, որոնք պահպանել են ՀՀ քաղաքացիությունը, սակայն տարվա զգալի մասն անցկացնում են Հայաստանից դուրս։

Օրինագիծը ներկայացվել էր հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից ընդամենը մի քանի օր անց, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը չհաջողվեց ստանալ սահմանադրական մեծամասնություն, իսկ մեկ ամսից էլ քիչ անց այն ընդունվեց ՀՀ ԱԺ-ի կողմից։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում իշխանության ներկայացուցիչները բազմիցս անդրադարձել էին Ռուսաստանից Հայաստան ժամանած և ընտրություններին մասնակցած քաղաքացիներին։

Տարիներ շարունակ ՀՀ ընտրական համակարգը բոլոր ՀՀ քաղաքացիներին հնարավորություն էր տալիս մասնակցել խորհրդարանական ընտրություններին և համապետական հանրաքվեներին՝ անկախ բնակության վայրից։ Սակայն հունիսի 7-ի ընտրություններից հետո իշխող ուժը նախաձեռնեց բնակության պարտադիր ժամկետի սահմանում, ինչը բազմաթիվ գնահատականներով քաղաքական դրդապատճառներով պայմանավորված քայլ էր։

Օրինագծի հեղինակների կարծիքով՝ միայն ՀՀ քաղաքացի լինելը բավարար չէ խորհրդարանական ընտրություններին և համապետական հանրաքվեներին մասնակցելու համար։ Նրանք պնդում են, որ ընտրողը պետք է Հայաստանի հետ ունենա իրական և շարունակական կապ, որն արտահայտվում է երկրում երկարատև բնակությամբ։

Ընդունված օրենքը ՀՀ անկախությունից ի վեր ընտրական օրենսդրության ամենաէական փոփոխություններից մեկն է, որը հիմնովին վերասահմանում է, թե ՀՀ որ քաղաքացիներն իրավունք կունենան մասնակցելու խորհրդարանական ընտրություններին և համապետական հանրաքվեներին։