«Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնությունը օգոստոսի 25-ին հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ազգային ժողովի իշխող ուժի պատգամավորի՝ Հայկական Սփյուռքի և համահայկական շահերը պաշտպանող կառույցների վերաբերյալ վերջին հայտարարությունները։

Նախաձեռնության ներկայացուցիչների խոսքով՝ Սփյուռքի հզորացումը Հայաստանի թուլացման հետ կապելը «վտանգավոր և բաժանարար մոտեցում է», որը հակադրում է հայ ժողովրդի երկու անբաժանելի հատվածներին։

Հայտարարության հեղինակները նաև անընդունելի են համարել համահայկական շահերը պաշտպանող կառույցների գործունեությունը Հայաստանի պետական շահերին հակասող ներկայացնելու փորձերը։ Նրանք հիշեցրել են, որ այդ կառույցները տասնամյակներ շարունակ զբաղվել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Արցախի հայության իրավունքների պաշտպանության և այլ համազգային հարցերով։

Նախաձեռնությունը քննադատել է նաև Հայաստանի ներկայիս իշխանությունների մոտեցումը Հայոց ցեղասպանության հարցին՝ այն բնորոշելով որպես պատմական հիշողության և արդարության պահանջի կարևորությունը նսեմացնող քաղաքականություն։

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման պայքարը սակարկության ենթակա քաղաքական հարց չէ, այլ հայ ժողովրդի պատմական հիշողության, արժանապատվության և իրավունքների անբաժանելի մասն է», ասված է հայտարարությունում։

Հեղինակները նշել են, որ Արցախի հայության բռնի տեղահանումից հետո և Արցախի հայկական մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող վտանգների պայմաններում Հայաստանի պետական ներկայացուցիչներից ակնկալում էին ոչ թե Սփյուռքի դեմ ուղղված հայտարարություններ, այլ համազգային համերաշխություն և Արցախի հարցի շուրջ միասնական աշխատանք։

«Ուժեղ Հայաստանը և ուժեղ Սփյուռքը հակասություն չեն, այլ նույն ազգային ուժի երկու փոխլրացնող հենասյուներ», նշել են նախաձեռնության ներկայացուցիչները։

«Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնությունը հայտարարել է, որ շարունակելու է պաշտպանել Արցախի հայության վերադարձի իրավունքը, հայկական մշակութային ժառանգության պահպանումը և համահայկական շահերը պաշտպանող կառույցների գործունեությունը։

Հայտարարությունը ստորագրել են Կարեն Արևյանը՝ Անգլիայից, Մուրադ Փափազյանը՝ Ֆրանսիայից, Կարեն Թադևոսյանը՝ Բելգիայից, Նուբար Վարդանյանը՝ Նիդերլանդներից, Ջոնաթան Շպանգենբերգը՝ Գերմանիայից, Սիմոն Տեր-Սահակյանը՝ Շվեդիայից, Նազար Ավագյանը՝ Հունաստանից, Վահան Այնեջյանը՝ Կիպրոսից, Սահակ Չալըքյանը՝ Բուլղարիայից, Ալեքսանդր Սարգսյանը՝ Չեխիայից, Բայքար Սվազլյանը՝ Իտալիայից, Զարեհ Նազարյանը՝ Ռումինիայից և Արարատ Ղուկասյանը՝ Իսպանիայից։