Իրավաբանների խումբը Amicus Curiae եզրակացություն է ներկայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամների վերաբերյալ քրեական գործով՝ պնդելով, որ նրանք ենթակա են արդարացման։
Amicus Curiae-ն, որը լատիներենից թարգմանաբար նշանակում է «դատարանի բարեկամ», գործին անմիջական կողմ չհանդիսացող անձի կամ մասնագիտական խմբի կողմից դատարանին ներկայացվող իրավական կարծիք կամ եզրակացություն է, որի նպատակն է օգնել դատարանին բարդ իրավական հարցերի գնահատման հարցում։
Եզրակացությունը կազմել են իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանը, իրավաբանական գիտությունների թեկնածուներ Արտակ Ղազարյանը և Զորայր Հարությունյանը, ինչպես նաև Ռուս-Հայկական համալսարանի քրեական իրավունքի և դատավարության ամբիոնի հայցորդ Գրիգոր Չապանյանը։
Իրավաբանների խոսքով՝ փաստաթուղթը պատրաստվել է բացառապես իրավական վերլուծության հիման վրա և ներկայացվել է ինչպես Ամենայն Հայոց Կաթողիկոսին, այնպես էլ գործը քննող դատավորին։
Նրանք պնդում են, որ «կարգալույծ անելու» գործողությունը քրեական իրավունքի կարգավորման առարկա չէ և վերաբերում է բացառապես եկեղեցական կանոնական իրավունքին։
Ըստ եզրակացության՝ Կաթողիկոսի և մյուս հոգևորականների նկատմամբ այդ հիմքով քրեական հետապնդում իրականացնելը միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և հակասում է պետության ու եկեղեցու անջատվածության, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների ինքնավարության սկզբունքներին։
Հեղինակները նաև նշում են, որ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին վերագրվող արարքում, իրենց գնահատմամբ, բացակայում է հանցակազմի օբյեկտիվ կողմը, քանի որ նրանք միայն կարգալույծ անելու առաջարկություն են ներկայացրել, իսկ վերջնական որոշում չեն կայացրել։
Եզրակացության մեկ այլ առանցքային դրույթ վերաբերում է իրավական որոշակիությանը։ Իրավաբանները պնդում են, որ դատարանի կողմից կիրառված հայցի ապահովման միջոցում «կարգալույծ անելն» ուղղակիորեն արգելված չի եղել, հետևաբար քրեական պատասխանատվության սահմանները տվյալ պահին բավարար հստակությամբ կանխատեսելի չեն եղել։
Նրանք ներկայացրել են նաև այլընտրանքային փաստարկ՝ նշելով, որ նույնիսկ ձևական հանցակազմի առկայության դեպքում վերագրվող արարքը չի ունեցել այնպիսի վտանգավորության աստիճան, որը կարող էր քրեական պատասխանատվության հիմք դառնալ։
Որպես հիմնավորում իրավաբանները մատնանշել են, որ Արման Սարոյանը կարգալույծ հռչակվելուց հետո փաստացի շարունակել է գործել որպես թեմի առաջնորդ, իսկ պետությունը ևս շարունակել է նրան ճանաչել որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչ՝ նրան ընդգրկելով ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի կազմում։
«Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով», եզրակացրել են փաստաթղթի հեղինակները։
Եզրակացությունն ամբողջությամբ հասանելի է պրոֆեսոր Ղամբարյանի ֆեյսբուքյան էջում։