Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտել է Հովհաննավանքի տարածքում խնջույքների անցկացումը՝ տեղի ունեցողը կապելով կարգալույծ Ստեփան Ասատրյանի նկատմամբ իշխանությունների հովանավորության հետ։

Մայր Աթոռի հայտարարության համաձայն՝ վանքապատկան տարածքում նման միջոցառումները խաթարում են Հովհաննավանքի հոգևոր և աղոթական մթնոլորտը և անհանգստություն պատճառում շրջակայքի բնակիչներին։

«Այս իրավիճակն անմիջական հետևանքն է կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի նկատմամբ իշխանությունների բացահայտ հովանավորության և թողտվության», նշված է հայտարարությունում։

Մայր Աթոռը Հովհաննավանքը բնութագրել է որպես բռնազավթված և հայտարարել, որ այնտեղ շարունակվող ինքնիրավչությունը խախտում է Հայ Առաքելական եկեղեցու իրավունքները և մոլորության մեջ գցում այցելուներին՝ անվավեր ծեսերի ու խորհրդակատարությունների միջոցով։

Մայր Աթոռը կրկին կոչ է արել պետական մարմիններին զերծ մնալ եկեղեցական կյանքին միջամտելուց և վերականգնել իր բնորոշմամբ զավթված եկեղեցիների օրինական կարգավիճակը։

Հովհաննավանքի շուրջ հակամարտությունը շարունակվում է այն բանից հետո, երբ նախկին քահանա Արամ Ասատրյանը, այժմ՝ Ստեփան Ասատրյանը, կարգալույծ հռչակվելուց հետո շարունակել է գործունեությունը վանքում։ Նրա կողմից կատարվող ծեսերը Մայր Աթոռը անվավեր է համարում։