Ադրբեջանը օկուպացված Արցախում ոչնչացրել է Շուշիի պատմական Հին հայկական-ռուսական գերեզմանոցը, որտեղ պահպանվել էին միջնադարյան հայկական խաչքարեր և 19-րդ դարի հայկական ու ռուսական գերեզմաններ։ Այս մասին հայտնում է Caucasus Heritage Watch-ը (CHW)։

CHW-ի ուսումնասիրած արբանյակային լուսանկարների համաձայն՝ գերեզմանոցը ոչնչացվել է 2026 թվականի մայիսի 9-14-ը՝ օկուպացված Շուշիում անձրևաջրերի և կեղտաջրերի մաքրման կայանի շինարարության ժամանակ։

Գերեզմանոցում պահպանվել էր 1810-1871 թվականներին թվագրվող առնվազն 35 տապանաքար, որոնք պատկանում էին Շուշիում բնակված հայերի, արհեստավորների, ռուս զինվորականների, բժիշկների, պետական ծառայողների և այլ բնակիչների։

Գերեզմանոցում էր ամփոփված նաև 42-րդ եգերական գնդի հրամանատար Վլադիմիր Միխայլովը, ով մասնակցել էր 1826 թվականի Շուշիի պաշտպանությանը։ Մեկ այլ գերեզմանի լատիներեն տապանագիրը հիշատակում էր Մոսկվայում ծնված Սոֆիա Ռեգինա Ռեանդերին։

Գերեզմանոցի տարածքում պահպանվել էին նաև հինգ հայկական խաչքարեր, որոնք թվագրվում էին շատ ավելի վաղ ժամանակաշրջանով, քան 19-րդ դարի գերեզմանոցը։ Դրանք փաստում էին, որ այս տարածքը դեռ միջնադարից կապված է եղել հայկական մշակութային ժառանգության հետ։

CHW-ն նշում է, որ գերեզմանոցը պահպանվել էր պատերազմների և քաղաքական տարբեր շրջափուլերի ընթացքում, սակայն 2026 թվականին Ադրբեջանի վերահսկողության տակ ամբողջությամբ ոչնչացվեց։

Սա Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումից և հայ բնակչության բռնի տեղահանումից հետո օկուպացված Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հերթական փաստագրված դեպքն է։