Փաշինյանի իշխանությունները պատրաստվում են մինչև 2027 թվականը հետաձգել Վանաձորի և Մասիսի տեղական ընտրությունները՝ երկարաձգելով այն ավագանիների գործունեությունը, որտեղ «Քաղաքացիական պայմանագիրը» 2021 թվականին պարտվել էր ընդդիմադիր ուժերին։

Ազգային ժողով ներկայացված և արտահերթ կարգով քննարկվող օրենսդրական փոփոխությունները ընտրությունների հետաձգումը կապում են համայնքների խոշորացման հերթական փուլի հետ։ Գործող ավագանիների հնգամյա լիազորությունները լրանում են այս տարի, սակայն փոփոխությունների ընդունման դեպքում հաջորդ ընտրությունները կանցկացվեն 2027-ին։

Վանաձորը նախատեսվում է միավորել հարևան Փամբակ համայնքի հետ՝ ձևավորելով 22 բնակավայր ընդգրկող նոր համայնք, որը բնակչության թվով Երևանից հետո կդառնա Հայաստանի երկրորդ խոշոր համայնքը։

2021 թվականի դեկտեմբերին Վանաձորում «Մամիկոն Ասլանյան» դաշինքը ստացել էր ձայների 38.7 տոկոսը և 15 մանդատ, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 25 տոկոս և 9 մանդատ։ Ասլանյանը ձերբակալվել էր ընտրություններից կարճ ժամանակ անց՝ նախքան ընդդիմադիր ուժերը կհասցնեին ձևավորել կառավարող մեծամասնություն։ Նա ավելի քան երկու տարի մնացել է կալանքի տակ, իսկ Վանաձորը մինչ օրս ղեկավարում է համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, ոչ թե ընտրված քաղաքապետը։ Ասլանյանը մեղադրանքները չի ընդունում և իր նկատմամբ քրեական հետապնդումը համարում է քաղաքական։

Մասիսում Դավիթ Համբարձումյանի դաշինքը ստացել էր ձայների 52.5 տոկոսը՝ հաղթելով «Քաղաքացիական պայմանագրին», որը ստացել էր շուրջ 47.3 տոկոս։ Համբարձումյանը հետագայում 2018 թվականի բողոքի ցույցերի հետ կապված գործով դատապարտվել էր 6 տարի 3 ամիս ազատազրկման։ Նա նույնպես իր նկատմամբ քրեական հետապնդումը համարում է քաղաքական։ 2026 թվականի հունվարին վերաքննիչ դատարանը նրա կալանքը փոխարինել էր տնային կալանքով և գրավով։

Փոփոխություններին նախորդել էր Վաղարշապատի խոշորացումը, որտեղ համայնքի սահմանները փոխվել էին 2025 թվականի նոյեմբերի ընտրություններից առաջ։ Այդ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր ավագանու 33 մանդատից 19-ը։

Նոր նախագծի ընդունման դեպքում Վանաձորի և Մասիսի բնակիչները այս տարի ընտրությունների չեն գնա։ Մինչև 2027 թվականի ընտրությունները երկու համայնքներում էլ կփոխվեն համայնքային սահմանները։