Ադրբեջանում ապօրինի պահվող հայ պատանդները խոշտանգումների են ենթարկվել իրենց քրիստոնեական ինքնության պատճառով։ Մասնավորապես, նրանց մարմիններին դաջված խաչերը մաշկից հեռացվել են այրելու միջոցով, հայտնել է մարդու իրավունքների պաշտպան Սիրանուշ Սահակյանը։
«Մենք տեսել ենք թիրախավորված գործողություններ կրոնական խորհրդանիշների առնչությամբ։ Խաչ դաջվածքների պարագայում դրանք այրվել են, մաշկի վրայից խոշտանգման ճանապարհով վերացվել է խաչը։ Կամ, թեև որոշ սահմանափակ գրքեր տրամադրվել են հայ բանտարկյալներին, սակայն արգելվել է Աստվածաշնչի փոխանցումը կամ եղել են դեպքեր, երբ հարկադրել են Ղուրան ընթերցել», ասել է Սահակյանը։
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ պատանդների իրավական ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ նրանց քրիստոնեական ինքնության դեմ ուղղված ճնշումները ներառել են նաև Աստվածաշնչի արգելումը և կրոնական խորհրդանիշների առգրավումը։
Սահակյանն այս խնդրի մասին հրապարակայնորեն խոսել էր դեռ հունվարին՝ նշելով, որ Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ պատանդներին արգելվել է Աստվածաշունչ ունենալ, մինչդեռ այլ գրքեր թույլատրվել են։ Նրա խոսքով՝ քրիստոնեական ինքնությունն ինքնին դարձել է նրանց նկատմամբ վերաբերմունքի գործոն։
Խոշտանգումները չեն սահմանափակվել կրոնական հետապնդումներով։ Սահակյանը հայտնել է, որ ծեծի և պատժիչ գործողությունների հետևանքով հայ պատանդների մոտ արձանագրվել են նաև ոսկրային կոտրվածքներ։ Միաժամանակ մտահոգություններ կան նրանց առողջական վիճակի շարունակական վատթարացման և ոչ պատշաճ բուժօգնության վերաբերյալ։
Բուժանձնակազմը կալանքի վայրում շուրջօրյա ներկա չէ, իսկ լուրջ առողջական խնդիրների դեպքում բուժումը հաճախ սահմանափակվում է միայն ախտանշանները ժամանակավորապես մեղմող դեղորայքով՝ առանց առողջական խնդրի պատճառի պատշաճ բուժման։
Հայ պատանդները շարունակում են նաև մեկուսացված մնալ արտաքին աշխարհից։ Նրանք չեն կարող հանդիպել հարազատների, անկախ բժիշկների, փաստաբանների, հյուպատոսական ներկայացուցիչների կամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ։
Քրիստոնեական խորհրդանիշների դեմ ուղղված այս խոշտանգումները տեղի են ունենում բռնազավթված Արցախում հայկական քրիստոնեական ժառանգության համակարգված ոչնչացման և աղավաղման ֆոնին։ Ադրբեջանի վերահսկողության տակ հայկական եկեղեցիներ, գերեզմանատներ և այլ կրոնական հուշարձաններ ոչնչացվել, վնասվել կամ զրկվել են իրենց հայկական ինքնությունից։