Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Տեղեկությունը հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Երեքշաբթի վաղ առավոտից իրավապահները լայնածավալ խուզարկություններ և քննչական գործողություններ են իրականացրել Քոչարյանների ընտանիքին առնչվող տներում և բիզնեսներում, ինչից հետո Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանները ձերբակալվել են։

Դիմակավորված իրավապահները խուզարկել են նաև Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանը։ Խուզարկության ընթացքում տանը գտնվել են նրա երեք անչափահաս երեխաները։ Լևոն Քոչարյանը չի ձերբակալվել։ Որպես պատգամավոր՝ նա օգտվում է անձեռնմխելիությունից:

Խուզարկություններ են իրականացվել նաև Քոչարյանների ընտանիքի հետ կապվող մի շարք բիզնեսներում։ Իրավապահները մտել են Orange Fitness և Play City, խուզարկել նաև դրանց տնօրենների բնակարանները։ Հաղորդվում է, որ հարկային ծառայությունը կնիքել է Toyota Yerevan-ի գրասենյակը, որի բաժնետեր է Սեդրակ Քոչարյանը։ Իրավապահները մտել են նաև Լևոն Քոչարյանի կնոջ՝ երգչուհի Սիրուշոյի «Պռեգոմեշ» ընկերություն։

Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի երկրորդ նախագահն է, պաշտոնավարել է 1998-2008 թվականներին, իսկ այժմ գլխավորում է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը։

Այսօրվա գործողություններից ընդամենը մեկ օր առաջ Ազգային ժողովում կոշտ բանավեճ էր տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Լևոն Քոչարյանի միջև։ Նույն նիստում Փաշինյանը խոսել էր նաև Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ունեցվածքի մասին՝ հայտարարելով, որ այն գույքը, որը, իր գնահատմամբ, պետք է պատկանի պետությանը, պետք է վերադարձվի, և կոչ էր արել իրավապահ ու դատական համակարգերին զբաղվել այդ հարցով։

Հաջորդ իսկ առավոտյան խուզարկություններ սկսվեցին Քոչարյանների ընտանիքի անդամների տներում և նրանց հետ կապվող մի շարք բիզնեսներում։ Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանները բերվեցին Հակակոռուպցիոն կոմիտե, իսկ ավելի ուշ պաշտոնապես հայտարարվեց նրանց ձերբակալության մասին։

Թե ինչ գործի շրջանակում և ինչ մեղադրանքով են ձերբակալվել Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանները, Հակակոռուպցիոն կոմիտեն առայժմ չի հայտնել։