Հայաստանը շուտով կստանա չեխական արտադրության նոր սերնդի L-39 Skyfox ուսումնամարտական ինքնաթիռներ, որոնք կնպաստեն երկրի ռազմական ավիացիայի արդիականացմանը։ Այս մասին հոկտեմբերի 20-ին հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Ավելի վաղ Չեխիայի պաշտպանական արդյունաբերության աղբյուրները տեղեկացրել էին, որ Aero Vodochody ավիաշինական ընկերությունը Հայաստանի զինված ուժերի համար արտադրում է չորս L-39 Skyfox ինքնաթիռ։ Սակայն ձեռք բերվող ինքնաթիռների վերջնական քանակն ու մատակարարման հստակ ժամկետները դեռևս պաշտոնապես չեն հաստատվել։

Հունիսին Aero Vodochody-ն հայտարարել էր, որ ավարտին է հասցնում չորս Skyfox ինքնաթիռների արտադրությունը՝ չհրապարակելով պատվիրատու երկրի անունը և մատակարարման ժամկետները։ Պաշտպանության նախարարի վերջին հայտարարությունը մինչ այժմ ամենահստակ ազդակն է, որ Հայաստանը պատրաստվում է ստանալ այդ ինքնաթիռները։

L-39 Skyfox-ը, որը նախկինում հայտնի էր L-39NG անվանումով, նոր սերնդի ենթաձայնային ինքնաթիռ է՝ նախատեսված ռազմական օդաչուների խորացված պատրաստության, թեթև մարտական առաջադրանքների, օդային պարեկության և հետախուզության համար։

Ինքնաթիռը համալրված է ժամանակակից ավիոնիկայով և սպառազինության ու հատուկ սարքավորումների ամրացման հինգ արտաքին հանգույցով։ Դրանք հնարավորություն են տալիս կրել, այդ թվում, թնդանոթային կոնտեյներներ և չկառավարվող հրթիռների արձակման կայանքներ։

Չեխական արտադրողը մշակել է նաև Skyfox-ի հատուկ տարբերակ, որը նախատեսված է անօդաչու թռչող սարքերի, այդ թվում՝ ռեակտիվ շարժիչներով ԱԹՍ-ների դեմ պայքարի համար։ Սակայն դեռ հայտնի չէ, թե ինչ սարքավորումներով և սպառազինությամբ կհամալրվեն Հայաստանին մատակարարվող ինքնաթիռները։

Հայաստանի ռազմական ավիացիայի սպառազինության մեջ արդեն առկա են նախորդ սերնդի L-39 Albatros ինքնաթիռներ։ Նոր Skyfox-ների ձեռքբերումը հնարավորություն կտա արդիականացնել ավիացիոն պարկը, բարձրացնել ռազմական օդաչուների պատրաստության արդյունավետությունը և հնարավոր է՝ ընդլայնել զինված ուժերի կարողությունները օդային հետախուզության ու սահմանափակ մարտական գործողությունների իրականացման ոլորտում։