Ադրբեջանը կրկին փորձում է կեղծել օկուպացված Արցախի հայկական պատմությունը՝ այս անգամ պնդելով, թե Դադիվանքի դարավոր խաչքարերը պատրաստվել են Արցախի անկախության տարիներին, ապա քացախով արհեստականորեն հնեցվել։ «Monument Watch» նախաձեռնությունը հերքել է այդ պնդումները՝ ներկայացնելով պատմական վկայություններ։
Այս հայտարարությունները հնչել են սեպտեմբերի 12-ին Դադիվանք և Գանձասար կազմակերպված այցի ընթացքում, որին մասնակցել են 58 երկրների և ինը կազմակերպությունների 150 դիվանագետներ ու ներկայացուցիչներ։ Պատվիրակությանը ուղեկցել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, ով հայկական վանքերը ներկայացրել է որպես այսպես կոչված «կովկասյան աղվանական ժառանգություն»։
Դադիվանքում ադրբեջանցի ներկայացուցիչը հայտարարել է, թե փոքր գմբեթավոր եկեղեցու պատերի մեջ ագուցված խաչքարերը պատրաստվել են Քարվաճառի արհեստանոցներից մեկում և քացախով մշակվել՝ հին տեսք ստանալու համար։ Որպես փաստարկ ներկայացվել է դրանց լավ պահպանվածությունը՝ չնայած դարավոր խստաշունչ ձմեռներին։
«Monument Watch»-ը հիշեցրել է, որ յոթ խաչքարերի արձանագրությունները թվագրվում են 1172–1190 թվականներով։ Երկու արձանագրություն վավերագրվել է դեռ 1911 թվականին և հրապարակվել 1938-ին, իսկ մյուսները փաստագրվել են 1960-ականներին և հրատարակվել 1982-ին։ Նախաձեռնությունը նաև նշել է, որ միջնադարյան շինարարները հաճախ կրկին օգտագործել են ավելի հին խաչքարերը, իսկ բազալտի ամրությունը բացատրում է դրանց լավ պահպանվածությունը։
Սա օկուպացված Արցախի հայկական մշակութային ժառանգության յուրացման հերթական փորձն է։ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայկական եկեղեցիները, վանքերն ու արձանագրությունները ներկայացնել որպես «աղվանական»՝ պատմական կեղծիքները տարածելով նաև օտարերկրյա պատվիրակությունների շրջանում։
Ըստ «Monument Watch»-ի՝ այս քաղաքականության նպատակը Արցախի հայկական մշակութային ինքնության ջնջումն է, հատկապես 2023 թվականին Ադրբեջանի ռազմական հարձակումից և հայ բնակչության բռնի տեղահանումից հետո։