Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի (նախկին Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկին Տեր Թադե) հայցերով հարուցված գործերի վարույթները՝ որոշելով, որ նրանց կարգալույծ հռչակելու վերաբերյալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունները քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չեն։
Դատավորներ Սիմա Աբովյանը և Հովհաննես Մելքոնյանը նաև վերացրել են նախկինում կիրառված հայցի ապահովման միջոցները, որոնցով Եկեղեցին պարտավորվել էր ապահովել Ասատրյանի պաշտոնավարումը Հովհաննավանքում, իսկ Թախմազյանինը՝ Թալինի եկեղեցում։
Նման որոշում էր հրապարակվել նաև հոկտեմբերի 21-ին՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի (նախկին Գևորգ եպիսկոպոս) գործով։ Դատարանը կարճել էր նրան նախկին պաշտոնում վերականգնելու հայցով վարույթը՝ արձանագրելով, որ Եկեղեցու հետ աշխատանքային հարաբերությունների առկայությունն ապացուցված չէ, իսկ հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը կարգավորվում են ներեկեղեցական կանոններով։
Այսպիսով, երեք առանձին գործերով դատարանները կարճել են վարույթները՝ չքննելով Կաթողիկոսի որոշումների իրավաչափությունն ըստ էության։ Բոլոր երեք գործերով դատական ակտերը պետք է հրապարակվեին դեռ օգոստոսին, սակայն հրապարակվել են շուրջ երկու ամիս ուշացումով։
Որոշումներն ընդունվել են Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության դեմ շարունակվող հակամարտության պայմաններում։ Փաշինյանը հրապարակավ աջակցել է կարգալույծ Ասատրյանին և անձամբ մասնակցել Հովհաննավանքում նրա մատուցած պատարագներին՝ չճանաչելով Կաթողիկոսի կարգալուծության որոշումը։
Հիշեցնենք, որ Սարոյանի գործով ավելի վաղ կիրառված հայցի ապահովման միջոցի կատարումը ենթադրաբար խոչընդոտելու մեղադրանքով քրեական հետապնդում է հարուցվել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ։ Այդ քրեական վարույթը առանձին է կարճված քաղաքացիական գործից։