Ֆրանսիայի Նիցցա քաղաքի քաղաքապետ Էրիկ Սիոտին հայտարարել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող 20 հայ պատանդներին Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու նախաձեռնության մասին՝ պահանջելով նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։
Հայտարարությունն արվել է հոկտեմբերի 22-ին Նիցցայի քաղաքապետարանի մոտ կազմակերպված միջոցառման ժամանակ, որին մասնակցել են տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ և ֆրանսիացի պատմաբան Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը։
Քաղաքապետարանի շենքի դիմաց ցուցադրվել են Բաքվում պահվող 20 հայ պատանդների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների լուսանկարները։ Դրանք ուղեկցվել են Հայաստանի եռագույնի գույներով ժապավեններով։
Սիոտին դատապարտել է Ադրբեջանում հայ պատանդների շարունակվող ապօրինի կալանավորումը՝ մեղադրելով ադրբեջանական վարչակարգին նրանց հանրային հիշողությունից ջնջելու փորձերի մեջ։ Նա հավաստիացրել է, որ Նիցցան շարունակելու է բարձրաձայնել նրանց ազատ արձակման պահանջը։
Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակմանը, որի հետևանքով իրականացված էթնիկ զտման արդյունքում ավելի քան 100 հազար հայ բռնի տեղահանվել է իր պատմական հայրենիքից։
Սիոտին հիշեցրել է, որ Նիցցան ժամանակին ապաստան է տվել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին՝ ընդգծելով քաղաքի և հայ ժողովրդի միջև ձևավորված պատմական կապերը։
«Նիցցան ճանաչում է ձեր դեմքերը, գիտի ձեր անունները։ Նիցցան ձեզ չի մոռանում», հայտարարել է քաղաքապետը։
Հայ պատանդներին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու նախաձեռնությունը խորհրդանշական քայլ է, որով Նիցցան ցանկանում է արտահայտել իր համերաշխությունն ու վերահաստատել նրանց ազատ արձակման պահանջը։ Առաջարկը դեռ պաշտոնապես չի հաստատվել։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 3-ին, Սիոտին միացել էր ֆրանսիացի ևս 24 քաղաքական գործիչների՝ ստորագրելով Ադրբեջանում պահվող հայ պատանդներին անհապաղ և անվերապահ ազատ արձակելու կոչը։