Ֆրանսիայի Նիցցա քաղաքի ավագանին նոյեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող 20 հայ պատանդներին շնորհել է քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում՝ պահանջելով նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։
Որոշումն ընդունվել է Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի ներկայությամբ։ Քաղաքային իշխանությունները նաև նախաձեռնել են խորհրդանշական հովանավորության ծրագիր, որի շրջանակում ավագանու անդամներն ու քաղաքապետարանի պաշտոնյաները հանդես կգան առանձին պատանդների իրավունքների պաշտպանությամբ։ Նրանց լուսանկարները կշարունակեն ցուցադրվել Նիցցայի քաղաքապետարանի շենքի առջև՝ հանրության ուշադրությունը հրավիրելով Բաքվում նրանց շարունակվող ապօրինի կալանքի վրա։
Ադրբեջանում պահվող հայ պատանդների թվում են Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև քաղաքական և ռազմական այլ գործիչներ, ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք։
Նրանցից մի քանիսը գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբերին՝ Ադրբեջանի ռազմական հարձակումից և Արցախի ամբողջական բռնազավթումից հետո, երբ ավելի քան 100,000 հայեր ենթարկվեցին բռնի տեղահանության։
2026 թվականի փետրվարին ադրբեջանական դատարանները հայ պատանդների նկատմամբ կայացրել են 15 տարվա ազատազրկումից մինչև ցմահ բանտարկություն նախատեսող դատավճիռներ։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում՝ Amnesty International-ը, դատապարտել են դատավարությունների ընթացքում արդար դատաքննության իրավունքի լուրջ խախտումները։ Եվրոպական խորհրդարանը ևս բազմիցս պահանջել է հայ պատանդների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։
Նիցցայի քաղաքապետ Էրիկ Սիոտին վերահաստատել է քաղաքի երկարամյա համերաշխությունը հայ ժողովրդի հետ՝ հույս հայտնելով, որ ազատ արձակվելուց հետո հայ պատանդներին հնարավորություն կունենան ընդունելու Նիցցայում։