Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ողջունել է Հայաստանի Սահմանադրության նախագծով նախատեսվող փոփոխությունները՝ Անկարայի համար վիճահարույց համարվող ձևակերպումների հեռացումը բնորոշելով որպես «պատմական փոփոխություն»։
X սոցիալական հարթակում հրապարակված գրառման մեջ Քըլըչը նաև գովաբանել է Նիկոլ Փաշինյանին՝ նրան բնութագրելով որպես կառուցողական և անկեղծ զրուցակից ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, այլև տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման հարցերում։
Քըլըչի հայտարարությունը հաջորդել է նոյեմբերի 23-ին Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի հրապարակմանը, որի նախաբանից հանվել է 1990 թվականի Անկախության հռչակագրին կատարվող հղումը։
Անկախության հռչակագրում ամրագրված է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցելու 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում իրականացված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Հռչակագիրը նաև հղում է կատարում Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս պահանջել է Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրին կատարվող հղումը՝ դա ներկայացնելով որպես այսպես կոչված խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման։ Քըլըչի հայտարարությունն ընդգծում է, որ սահմանադրական այս փոփոխություններով շահագրգռված է ոչ միայն Բաքուն, այլև Անկարան։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր 301-ը, նոր Սահմանադրության նախագծում որևէ ուղղակի հիշատակում չկա Անկախության հռչակագրի, Արցախի և Հայոց ցեղասպանության մասին։