Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ապօրինի կալանավորված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաքննիչ դատարանի կայացրած որոշման հետ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է 2025 թ. հուլիսի 30-ին Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշումը, որով ուժի մեջ է թողնվել կալանք կիրառելու մասին սկզբնական՝ ապօրինի դատական ակտը։
Առաջին ատյանի դատարանը 2025 թ. հունիսի 28-ին Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կալանք էր կիրառել՝ հիմնվելով գործի քննությանը խոչընդոտելու և հանցանք կատարելու անհիմն ու մտացածին պատճառաբանությունների վրա։

Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին անազատության մեջ պահելը խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված պատժողական գործողություն է և ուղիղ հետևանք իշխանությունների եկեղեցահալած քաղաքականության ու եկեղեցականների դեմ տարածվող ատելության խոսքի։

Հորդորում ենք դատական և դատախազական մարմիններին՝ անհապաղ ազատ արձակել անհիմն կալանավորված Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին»։