Իրավաբանների միջազգային հանձնաժողովը (ICJ) հրապարակել է Ադրբեջանի դատական համակարգի վերաբերյալ ծավալուն զեկույց՝ «Արդարադատությունը ճնշման տակ․ փաստաբանների անկախությունը և արդար դատաքննության իրավունքը Ադրբեջանում» վերնագրով։ Զեկույցը խիստ քննադատում է Ադրբեջանի դատական համակարգում առկա համակարգային խնդիրները և առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Բաքվում ներկայում ընթացող հայ գերիների և Լեռնային Ղարաբաղի (խմբ․՝ Արցախի) նախկին պաշտոնյաների դատավարություններին։

Զեկույցում ընդգծվում է, որ այս դատավարությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում միջազգային իրավական չափանիշների տեսանկյունից և չեն համապատասխանում արդար դատաքննության հիմնարար սկզբունքներին։ Ըստ ICJ-ի՝ Լեռնային Ղարաբաղի (խմբ․՝ Արցախի) նախկին պաշտոնյաների դեմ ընթացող դատավարությունները Ադրբեջանի դատական համակարգում խորապես արմատացած խնդիրների ամենավառ օրինակներից են։

Հիմնվելով հանրությանը հասանելի տեղեկատվության վրա՝ հանձնաժողովը նշում է, որ հայերի դատավարություններն ուղեկցվել են բազմաթիվ խախտումներով։ Մասնավորապես, գործերը քննվել են ռազմական դատարաններում՝ առանց որևէ հիմնավորման, թե ինչու ռազմական իրավազորությունը պետք է կիրառվեր քաղաքացիական անձանց նկատմամբ։ Միաժամանակ, ենթադրվում է, որ մեղադրյալներին զրկել են իրենց ընտրած փաստաբանների արդյունավետ աջակցությունից, մինչդեռ պետության կողմից նշանակված փաստաբանները չեն արձագանքել վատ վերաբերմունքի և հնարավոր բռնությունների վերաբերյալ ապացույցներին։

Զեկույցում նաև նշվում է, որ գործի նյութերը կամ չեն տրամադրվել պաշտպանությանը, կամ տրամադրվել են այնպիսի լեզուներով, որոնք մեղադրյալները չեն հասկացել։ Պաշտպանության միջնորդությունները, ըստ տեղեկությունների, համակարգված կերպով մերժվել են՝ առանց պատշաճ հիմնավորման, իսկ որոշ դեպքերում դրանք նույնիսկ չեն ներառվել պաշտոնական դատական արձանագրություններում։ ICJ-ը նաև քննադատում է թարգմանչական ծառայությունների անբավարար մակարդակը և դատավարությունների փակ բնույթը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Ռուբեն Վարդանյանի գործին։ ICJ-ը նշում է, որ Վարդանյանը Լեռնային Ղարաբաղում (խմբ․՝ Արցախում) հանրային դեր է ստանձնել միայն 2022 թվականի վերջին, սակայն ադրբեջանական դատախազությունը նրա դեմ մեղադրանքներ է առաջադրել՝ թվագրվող դեռևս 1988 թվականից։ Զեկույցի հեղինակները շեշտում են, որ ավելի քան երեք տասնամյակ անց քրեական հետապնդում սկսելը հիմնարար հարցեր է առաջացնում օրինականության սկզբունքի տեսանկյունից, հատկապես հաշվի առնելով, որ այդ ժամանակահատվածում Վարդանյանը որևէ քաղաքական պաշտոն չի զբաղեցրել։

Հանձնաժողովը նաև ընդգծում է, որ դատավարությունների մեծ մասն անցկացվել է փակ դռների հետևում։ Ըստ տեղեկությունների՝ մուտք է թույլատրվել միայն պետական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին, մինչդեռ միջազգային դիտորդներին, օտարերկրյա լրագրողներին և մեղադրյալների ընտանիքի անդամներին արգելվել է մասնակցել դատական նիստերին։ ICJ-ի գնահատմամբ՝ նման պայմաններում անհնար է ապահովել թափանցիկություն և հանրային վերահսկողություն։

Զեկույցը եզրափակվում է մի շարք առաջարկություններով՝ ուղղված Ադրբեջանի գործադիր իշխանությանը, դատական համակարգին, դատախազությանը և խորհրդարանին։ Մասնավորապես, դատական իշխանություններին կոչ է արվում ապահովել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի (խմբ․՝ Արցախի) նախկին պաշտոնյաների վերաբերյալ ցանկացած բողոքարկում քննվի սովորական քաղաքացիական դատարաններում, և պաշտպանությանը տրամադրվի գործի բոլոր նյութերի ամբողջական հասանելիություն՝ մեղադրյալների համար հասկանալի լեզվով։ ICJ-ը նաև կոչ է անում Եվրոպայի խորհրդին ապահովել միջազգային դիտորդների մուտքը հնարավոր վերաքննիչ դատավարություններին մասնակցելու համար։

Ամբողջական զեկույցը