1994 թվականի ապրիլից հուլիս Ռուանդայում շուրջ 100 օրվա ընթացքում սպանվեց մոտ 800 հազար մարդ, հիմնականում՝ թութսիներ։ Այդ ցեղասպանության ամենասարսափելի կողմերից մեկն այն էր, որ մարդկանց սպանելուց առաջ նրանց նկատմամբ ատելությունը տարիներ շարունակ տարածվել էր նաև ռադիոյով։

Radio Télévision Libre des Mille Collines (RTLM) ռադիոկայանը, որը հայտնի դարձավ որպես «Ցեղասպանության ռադիո», սովորական քարոզչական միջոց չէր։ Այն հեռարձակում էր երաժշտություն, կատակներ, առօրյա զրույցներ։ Հաղորդավարները խոսում էին պարզ, ժողովրդական լեզվով, այնպես, կարծես պարզապես զրուցում էին իրենց ունկնդիրների հետ։

Բայց այդ թվացյալ սովորական զրույցների ընթացքում թութսիներին անվանում էին «ուտիճներ», «օձեր», «ժողովրդի թշնամիներ»։ Մարդկանց աստիճանաբար սովորեցնում էին մյուսներին տեսնել ոչ թե որպես իրենց համաքաղաքացիների, այլ որպես վտանգ, որից պետք է ազատվել։

Երբ սկսվեցին զանգվածային սպանությունները, ռադիոն արդեն հրապարակում էր մարդկանց անունները, հայտնում նրանց գտնվելու վայրերն ու թաքստոցները և ուղղակիորեն հրահրում բռնություն։

Հետագայում Ռուանդայի հարցերով միջազգային քրեական տրիբունալը RTLM-ի ղեկավարներից մի քանիսին դատապարտեց ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրման համար։

Ռուանդայի պատմությունը ցույց տվեց, թե որքան վտանգավոր կարող է դառնալ խոսքը, երբ մարդկանց մի խմբի նկատմամբ ատելությունը հետևողականորեն տարածվում է, իսկ հասարակությունն աստիճանաբար սովորում է դրան։

Այս պատմությունը հիշելիս դժվար է չմտածել նաև այն լեզվի մասին, որն այսօր օգտագործվում է Հայաստանում, հատկապես՝ արցախցիների նկատմամբ։

2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակումից և էթնիկ զտումից հետո ավելի քան 100 հազար հայ բռնի տեղահանվեց Արցախից։ Մարդիկ կորցրին իրենց տները, հարազատների գերեզմանները, տարիներով ստեղծած կյանքը։ Շատերը հեռացան՝ չունենալով անգամ ամենաանհրաժեշտ իրերը վերցնելու հնարավորություն։

Սակայն փոխանակ այդ մարդկանց ցավն ու կորուստը դառնային համազգային հոգածության առարկա, հանրային խոսքում ավելի ու ավելի հաճախ սկսեցին հնչել մեղադրանքներ հենց նրանց հասցեին։

«Փախածներ», «ինչո՞ւ չմնացիք», «ինչո՞ւ չպայքարեցիք»։

Այս բառերը պարզապես վիրավորանք չեն։ Դրանք պատասխանատվությունը բռնի տեղահանված մարդկանց վրա դնելու միջոց են։ Ստացվում է, որ սեփական հայրենիքը կորցրած մարդը դեռ պետք է արդարանա, թե ինչու է ողջ մնացել։

Առավել մտահոգիչ է, երբ նման վերաբերմունքը դրսևորվում է ոչ միայն հասարակության ներսում, այլև իշխանության ամենաբարձր մակարդակում։

2026 թվականի մայիսի 18-ին Արաբկիրում նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի և արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպյանի միջև տեղի ունեցած միջադեպի ժամանակ, ըստ հրապարակված խոսքերի, Փաշինյանն ասել է.

«Գնայիր, զոհվեիր, դու խի՞ ես կենդանի, դու խի՞ չես զոհվել, այ տականք»։

Նրան վերագրվող մյուս արտահայտություններում ևս հնչել են վիրավորանքներ և հարցադրումներ, թե ինչու են ողջ մնացել Արցախի նախկին ղեկավարներն ու պաշտոնյաները։

Անկախ քաղաքական տարաձայնություններից՝ անընդունելի է, երբ հայրենիքը կորցրած մարդուն հարցնում են, թե ինչու չի զոհվել։ Առավել ևս, երբ այդ խոսքերը հնչում են պետության ղեկավարի կողմից։

Արցախցիները պարտավոր չեն որևէ մեկին բացատրել, թե ինչու են ողջ մնացել։ Նրանք պարտավոր չեն ապացուցել իրենց հայրենասիրությունը՝ սեփական մահը որպես չափանիշ ընդունելով։

Այս ամենի մեջ ամենավտանգավորը միայն մեկ միջադեպը չէ։ Վտանգավոր է այն մթնոլորտը, որտեղ նման խոսքերը կարող են սովորական դառնալ։

Երբ բռնի տեղահանված մարդուն անվանում են «փախած», ժամանակի ընթացքում նրա ցավը սկսում են ընկալել որպես մեղք։ Երբ քաղաքական հակառակորդին անընդհատ ներկայացնում են որպես «դավաճան» կամ «թշնամի», նրա նկատմամբ վիրավորանքն ու թշնամանքը դառնում են ավելի հեշտ արդարացվող։

Իհարկե, Հայաստանը Ռուանդան չէ, և երկու երկրների պատմական իրողությունները նույնացնելը ճիշտ չի լինի։ Բայց Ռուանդայի ողբերգությունից կարելի է մի կարևոր դաս քաղել. ատելության խոսքը վտանգավոր է հատկապես այն ժամանակ, երբ այն այլևս չի զարմացնում հասարակությանը։

Մենք արդեն գիտենք, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ մարդկանց ազգային պատկանելության համար թիրախավորելը։ Հայոց ցեղասպանությունը, Սումգայիթի, Բաքվի և Մարաղայի ջարդերը մեր պատմության ամենացավոտ էջերից են։

Այդ հիշողությունը մեզ պետք է սովորեցնի ոչ միայն ճանաչել ուրիշների կողմից տարածվող ատելությունը, այլև չհանդուրժել այն մեր սեփական հասարակության ներսում։

Արցախցիները մեր ժողովրդի մի մասն են։ Նրանք իրենց հայրենիքը կորցրած մարդիկ են, ոչ թե մարդիկ, որոնք պետք է մեղադրվեն ողջ մնալու համար։

Եվ երբ նրանցից մեկին հարցնում են՝ «դու ինչո՞ւ չես զոհվել», դա չպետք է դառնա հերթական քաղաքական միջադեպը, որը մի քանի օր քննարկելուց հետո կմոռացվի։

Որովհետև հասարակության համար վտանգավոր պահերից մեկն այն է, երբ մարդուն նվաստացնող խոսքն այլևս ոչ մեկին չի զարմացնում։

Ատելության խոսքը պետք է կանգնեցնել մինչև այն սովորական դառնա։