Իրանն ու Հայաստանը TRIPP նախագծի շուրջ նույնիսկ նախնական համաձայնության չեն հասել, հայտարարել է գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին՝ ուղղակիորեն կասկածի տակ դնելով Փաշինյանի կառավարության նախկին պնդումները, թե նախաձեռնությունը համաձայնեցվել է Թեհրանի հետ։
Սաֆավիի խոսքով՝ Իրանը հայկական կողմին հստակ փոխանցել է իր «կարմիր գծերը», իսկ բանակցությունները դեռ շարունակվում են։
Թեհրանը կտրականապես դեմ է նախագծի շրջանակում ամերիկացի զինծառայողների հնարավոր տեղակայմանը կամ Հարավային Կովկասում երթուղու անվտանգության ապահովման պատասխանատվությունը ԱՄՆ ուժերին փոխանցելուն։ Իրանը նման ներկայությունն իր սահմանի մոտ դիտարկում է որպես հնարավոր սպառնալիք իր ազգային անվտանգությանը։
Սաֆավին նշել է, որ Թեհրանի համար ընդունելի տարբերակ կլինի, եթե հայ սահմանապահները պահպանեն Հայաստանի և Իրանի սահմանի, ինչպես նաև տվյալ տարածքով անցնող տրանսպորտային ուղիների անմիջական վերահսկողությունը։
Նա նաև զգուշացրել է, որ եթե անվտանգության ապահովման պատասխանատվությունը փոխանցվի ԱՄՆ զինված ուժերին, Իրանը իրեն վերապահում է պատասխան քայլեր ձեռնարկելու իրավունքը։
Սաֆավիի հայտարարությունը հակասում է Փաշինյանի կառավարության մինչ այժմ ներկայացրած դիրքորոշմանը, ըստ որի՝ TRIPP նախագիծը համաձայնեցված է Իրանի հետ, իսկ կողմերի միջև սկզբունքային տարաձայնություններ չկան։
Իրանական կողմի հայտարարությունից, սակայն, պարզ է դառնում, որ Թեհրանը ոչ միայն համաձայնություն չի տվել նախագծին, այլև շարունակում է բանակցությունների ընթացքում առաջադրել հստակ «կարմիր գծեր»՝ հատկապես սահմանային վերահսկողության և հնարավոր ամերիկյան ռազմական ներկայության հարցերում։