Զինծառայող Էդգար Գևորգյանի մահը վերջին 10 օրվա ընթացքում ոչ մարտական պայմաններում հայ զինծառայողի մահվան արդեն երրորդ դեպքն է։ Այսպիսով, 2026 թվականին մահացած զինծառայողների թիվը հասել է 33-ի։

Օգոստոսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զորամասերից մեկում հայտնաբերվել է Էդգար Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննություն է ընթանում։ 

Տասը օր առաջ՝ օգոստոսի 13-ին, զորամասերից մեկում հայտնաբերվել էր զինծառայող Գրիգոր Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ քրեական վարույթի շրջանակում մեկ անձ կալանավորվել է՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։

Օգոստոսի 19-ին Ճամբարակ քաղաք տանող ճանապարհին «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարը վրաերթի էր ենթարկել մի խումբ զինծառայողների։ Սուրեն Վարդանյանը մահացել էր, իսկ մյուս զինծառայողները տեղափոխվել էին զինվորական հոսպիտալ։

Այս երեք մահերը լրացնում են Հայաստանի զինված ուժերում ոչ մարտական կորուստների արդեն իսկ մտահոգիչ վիճակագրությունը։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2026 թվականի առաջին յոթ ամիսներին զինված ուժերում գրանցվել էր զինծառայողների մահվան 30 դեպք։ Օգոստոսի 23-ի դրությամբ այդ թիվն արդեն հասել է 33-ի՝ 2025 թվականի ամբողջ տարվա 35 դեպքից ընդամենը երկուսով պակաս։ 

Նախորդ տարիների տվյալները ևս ցույց են տալիս խնդրի մասշտաբը։ 2012-2017 թվականներին ոչ մարտական պայմաններում գրանցվել է զինծառայողների մահվան 276 դեպք։ 2018-2023 թվականներին այդ թիվը հասել է 355-ի՝ աճելով շուրջ 29 տոկոսով։ 

2024 թվականին ոչ մարտական պայմաններում մահացել է 36 զինծառայող, 2025 թվականին՝ 35, իսկ 2026 թվականին մինչ այժմ՝ 33։ Այսպիսով, 2024 թվականի սկզբից ընդամենը երկու տարի և ութ ամսվա ընթացքում ոչ մարտական պայմաններում մահացել է 104 զինծառայող։ 

Մինչև 2023 թվականը ներառող վիճակագրությունը վերաբերում է ինչպես Հայաստանի զինված ուժերին, այնպես էլ Արցախի պաշտպանության բանակին, մինչդեռ 2024 թվականից սկսած տվյալները վերաբերում են Հայաստանի զինված ուժերին։ 

Այս պատկերը հատկապես մտահոգիչ է այն պայմաններում, երբ 2024 թվականի փետրվարից ի վեր հրադադարի խախտման հետևանքով հայ զինծառայողի մահվան դեպք չի արձանագրվել։ Այդուհանդերձ, զինծառայողները շարունակում են մահանալ ինքնասպանությունների, սպանությունների, ճանապարհատրանսպորտային պատահարների, առողջական խնդիրների և այլ ոչ մարտական հանգամանքների հետևանքով։ 

104 ոչ մարտական մահ երկու տարի և ութ ամսում այլևս առանձին դեպքերի շարք չէ։ Դա համակարգային խնդիր է, որը լուրջ հարցեր է առաջացնում զինված ուժերում ծառայության պայմանների, վերահսկողության, պատասխանատվության, զինծառայողների կյանքի պաշտպանության և Պաշտպանության նախարարության ղեկավարության աշխատանքի արդյունավետության վերաբերյալ։