«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին, ՄԱԿ-ի կրոնի կամ դավանանքի ազատության հարցերով հատուկ զեկուցողին և մի շարք միջազգային կառույցների՝ բարձրաձայնելով Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքին և կանոնական ինքնակառավարմանը պետական միջամտության վերաբերյալ իր մտահոգությունները։

Միավորման տարածած հայտարարության համաձայն՝ միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների նկատմամբ հարուցված քրեական գործին, որի շրջանակում նախնական դատական նիստը նշանակված է օգոստոսի 28-ին։

«Հայաքվե»-ն նշել է, որ ՀՀ Սահմանադրության 17-րդ և 18-րդ հոդվածները երաշխավորում են կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը, դրանց անջատությունը պետությունից և ճանաչում Հայ Առաքելական Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի և ինքնության պահպանման գործում։

Միավորման գնահատմամբ՝ Եկեղեցու ներքին, հոգևոր և կանոնական կյանքին վերաբերող հարցերը չեն կարող քրեական հետապնդման հիմք դառնալ աշխարհիկ պետության կողմից։

«Հայաքվե»-ն միջազգային կառույցներին կոչ է արել ուշադրության կենտրոնում պահել ընթացող գործընթացը, այն գնահատել կրոնի և դավանանքի ազատության, Եկեղեցու ինստիտուցիոնալ ինքնավարության և իրավունքի գերակայության միջազգային չափանիշների շրջանակում, ինչպես նաև ապահովել անկախ միջազգային դիտարկում։

«Սա ոչ միայն կրոնական, այլև սահմանադրաիրավական և ազգային պատասխանատվության հարց է», ասված է հայտարարությունում։