Ռուսաստանի մի շարք քաղաքներում չեղարկվել են Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի կյանքին նվիրված «ՄՈՆԹԵ» հայկական ֆիլմի ցուցադրությունները։ Ըստ «Genetic Production» ընկերության հայտարարության⁠՝ պատճառը Ռուսաստանի իշխանությունների սահմանած արգելքն է։

Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան նախատեսված էր դեկտեմբերի 5-ին՝ Մոսկվայի «Օկտյաբր» կինոթատրոնում։

Ընկերությունը հայտնել է, որ իր վերահսկողությունից դուրս հանգամանքների պատճառով կինոթատրոնները ստիպված են եղել չեղարկել նախատեսված ցուցադրությունները։ Ընկերությունը շնորհակալություն է հայտնել ֆիլմին սպասող հանդիսատեսին՝ ընդգծելով, որ դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները՝ ֆիլմը նրանց հասանելի դարձնելու համար։

Սուրեն Սաֆարյանի հեղինակած «ՄՈՆԹԵ»⁠ կենսագրական գեղարվեստական ֆիլմում Մոնթե Մելքոնյանի կերպարը մարմնավորում է Վլադիմիր Մսրյանը։ Ֆիլմը ներկայացնում է Մոնթեի կյանքի ճանապարհը՝ ԱՄՆ-ում անցկացրած մանկությունից և հայկական արմատների բացահայտումից մինչև Հայաստան գալն ու Արցախյան առաջին պատերազմին մասնակցությունը։

Պրոդյուսեր Նոնո Սարգսյանի խոսքով՝ ֆիլմի հիմքում ընկած են իրական պատմություններ և դեպքեր⁠, որոնք ներկայացրել և հաստատել է Մոնթե Մելքոնյանի այրին՝ Սեդա Մելքոնյանը։

2025 թվականին «Վազգեն. Վերջին սպարապետը» պատմական ֆիլմը նկարահանած «Genetic Production» ընկերությունը «ՄՈՆԹԵ» ֆիլմի նկարահանումները սկսել է 2026 թվականի ապրիլին։ Հայաստանում ֆիլմի ցուցադրությունները կմեկնարկեն նոյեմբերի 26-ին՝ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրվա հաջորդ օրը։

Հատկանշական է, որ մինչ ցուցադրությունների չեղարկումը ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ Ռուսաստանին կոչ էին արել արգելել ֆիլմի ցուցադրությունը⁠։

«Genetic Production»-ի հայտարարության մեջ չի հստակեցվում, թե Ռուսաստանի պետական որ մարմինն է սահմանել արգելքը։ Որոշման վերաբերյալ պաշտոնական հիմնավորում նույնպես չի ներկայացվել։