2025 թվականի ամառը նշանավորվեց ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրման նոր փուլով, որը նախկինում թեև ենթադրելի էր, սակայն այս մակարդակի չէր հասել նույնիսկ լարված ժամանակահատվածներում։ Մինչ այժմ բազմիցս միմյանց «միտք էին հասկանում» նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը։ Բայց այս անգամ ամեն ինչ վտանգավոր լրջությամբ է ընթանում։

Հունիսի 27-ին Եկատերինբուրգում զանգվածաբար ձերբակալվեցին ադրբեջանցի ծագում ունեցող անձինք՝ շուրջ 50 մարդ։ Նրանցից մեծ մասը ՌԴ քաղաքացիներ էին։ Ձերբակալման պահին երկու հոգի մահացավ, երեքը հայտնվեցին հիվանդանոցում ծանր վիճակում։ Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտարարեց, որ բացահայտվել է «էթնիկ հանցավոր խումբ», որը, ըստ կասկածների, կապ ունի մի քանի սպանությունների, մահացու ալկոհոլային թունավորման և այլ ծանր հանցագործությունների հետ։

Բաքուն արձագանքեց կտրուկ՝ արտգործնախարարությունը պահանջեց շտապ բացատրություններ և մեղավորների պատասխանատվություն։ Ադրբեջանի խորհրդարանը չեղարկեց Մոսկվա կատարելիք այցը։ Նույն օրը Բաքուն հայտարարեց՝ դադարեցնում է Ռուսաստանում կազմակերպվելիք բոլոր մշակութային միջոցառումները, այդ թվում՝ համերգներ, փառատոններ ու թատերական ներկայացումներ։

Իրավիճակը սրվեց էլ ավելի, երբ հունիսի 30-ին ադրբեջանական ոստիկանությունը ներխուժեց «Sputnik Ադրբեջան»-ի գրասենյակ, ձերբակալեց գլխավոր խմբագիր Իգոր Կարտավիխին և նրա տեղակալին։ Նրանց չհաջողվեց հանդիպել ռուս դիվանագետների հետ։ Բաքվում պետական լրատվամիջոցներով սկսվեց բացահայտ հակառուսական քարոզչություն՝ Ռուսաստանը ներկայացնելով որպես հեգեմոն երկիր, որը մյուսներին դիտարկում է որպես «երկրորդ կարգի մարդիկ»։ Իշխանամետ լրագրող Աֆգան Մուխթարլին անգամ կոչ արեց՝ այրել Մոսկվայի դեսպանատունը։ Սա շատերին հիշեցրեց այն մթնոլորտը, որն Ադրբեջանի իշխանությունը փորձում էր պահել «դաշնակցի» հանդեպ՝ սակայն հիմա արդեն ակնհայտորեն հարձակողական տրամադրությամբ։

Հուլիսի 1-ին Ռուսաստանը ի պատասխան Բաքվի քայլերի՝ կանչեց Ադրբեջանում իր դեսպանին։ Սակայն ոչ Պուտինը, ոչ Ալիևը մինչև օրս չեն խոսել իրավիճակի մասին։ Մոսկվան շարունակում է շեշտել՝ «հաշվետվություն կտան իրավապահները, ոչ քաղաքական գործիչները»։ Սակայն այս պահվածքը չի բավարարում Բաքվին։ Ալիևը մինչև հիմա չի ներել նաև 2024-ի դեկտեմբերի ինքնաթիռի վթարը, երբ AZAL ընկերության բորտը, ըստ Ադրբեջանի, ընկավ ռուսական ռազմական միջամտության արդյունքում։ Չնայած Պուտինը ներողություն էր խնդրել՝ Ալիևը պահանջում էր քրեական պատասխանատվություն մեղավորների համար։ Իսկ հետո Ադրբեջանը փակեց «Ռուսական տունը», «Sputnik»-ը, մեղադրեց Ռուսաստանին՝ կիբերհարձակումների մեջ։

Այս ամենը նախանշում է հետևյալը՝ Բաքուն սկսել է վարել համակարգային հակառուսական քաղաքականություն, դուրս գալով նույնիսկ ոչ չեզոքության շրջանակից։ Եթե նախկինում Ադրբեջանը կարող էր խաղալ երկակի խաղ, այսօր այն գնում է ուղիղ հակադրության։

Մոսկվան էլ, իր հերթին, փորձում է պահել «դաշնակցային դիմակը», բայց Բաքվի կտրուկ գործողություններն այլևս չեն թողնում «համարելու» տեղ։ Ալիևը սառեցրել է բարձր մակարդակի շփումները Մոսկվայի հետ․ չեղարկելով այցը Հաղթանակի շքերթին, թույլ տալով հակառուսական քարոզ պետական լրատվամիջոցներում, արգելափակելով ռուսական մեդիան, և խզելով մշակութային համագործակցությունը։ Միաժամանակ նա շարունակում է համագործակցել Ուկրաինայի հետ և ամրապնդում կապերն Արևմուտքի և Իսրայելի հետ։

Վերջին զարգացումները նաև վկայում են, որ Ուկրաինան ձգտում է օգտագործել Մոսկվա–Բաքու լարվածությունը՝ այն խորացնելու նպատակով։ Դիմիտրի Պեսկովի խոսքով՝ Կիևի ռեժիմը փորձում է Բաքվին հրահրել հուզական և հակառուսական քայլերի շարունակման։ Հուլիսի սկզբին Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ, ինչը Մոսկվայում ընկալվել է որպես սադրիչ ազդակ։

Բաքվում ձերբակալվել են «Sputnik Ադրբեջան»-ի վեց աշխատակիցներ, ինչպես նաև Ruptly-ի խմբագիր։ Նրանցից ոչ մեկը կապի դուրս չի եկել։ Ոստիկանությունն այնուհետև ձերբակալել է նաև ռուսաստանցի մի խումբ քաղաքացիների՝ մեղադրելով նրանց կիբեռհանցագործության և թմրանյութերի շրջանառության մեջ։ Ռուսաստանյան կողմը պնդում է, որ նրանց նկատմամբ գործադրվել է բռնություն՝ լուսանկարներում ու տեսանյութերում երեւում են նրանց ծեծի և արյունոտ դեմքերի հետքեր։ Ռուս դիվանագետներին թույլ չեն տալիս հանդիպել ձերբակալվածների հետ։

ՌԴ ԱԳՆ-ն պահանջել է մուտքի հնարավորություն դեսպանության աշխատակիցների համար և զգուշացրել, որ նմանատիպ քայլերը լրջորեն վնասում են երկու երկրների միջև գոյություն ունեցող ռազմավարական դաշնակցային մակարդակը։ Զախարովան նաև դիմել է ռուս քաղաքացիներին՝ նախազգուշացնելով հաշվի առնել իրավիճակը, եթե նրանք ծրագրում են այցելել Ադրբեջան։

Այս հակամարտությունը՝ որքան էլ տարօրինակ հնչի, բացում է որոշ հնարավորություններ Հայաստանի համար, եթե իհարկե Երևանը ի վիճակի լինի ռազմավարական քայլեր անելու։ Երբ Մոսկվան ու Բաքուն հեռանում են իրարից, դա կարող է թույլ տալ Հայաստանին ամրապնդել իր դիրքը՝ թե Մոսկվայի հետ նոր պայմաններով, թե այլ կենտրոնների հետ։ Սակայն ներկայիս իշխանությունները ոչ միայն չեն օգտվում այս պատուհանից, այլ նույնիսկ միջազգային հարթակներում քվեարկում են Ադրբեջանի օգտին՝ ինչպես եղավ վերջերս ԵԱՀԿ-ում։

Ադրբեջանի նախագահի՝ Իլհամ Ալիևի հավանական նպատակներից մեկն է ոչ միայն տարածաշրջանում իր ազդեցությունը ընդլայնելը, այլև միացնող տարածքներ՝ մասնավորապես Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Դաղստանի Դերբենդի շրջանը և հարակից տարածքները, որտեղ ապրում է մեծ թվով ադրբեջանցիներ։

Այս միտքը՝ ինչքան էլ զավեշտալի կամ հեռանկարային թվա, պատահական չէ. Դաղստանը, որպես ռուսական կոնֆեդերացիայի մի մաս, ունի բազմազգ կազմ և հաճախ է լարված իրավիճակներ ունենում՝ իր ժողովրդի և Ռուսաստանի կենտրոնական իշխանությունների միջև։ Ալիևի նման հավակնությունները կարող են լուրջ ազդեցություն ունենալ տարածաշրջանային կայունության վրա, և բարդացնել Ռուսաստանի համար իրավիճակը Հարավային Կովկասում։

Այս պայմաններում կարևոր է հասկանալ, որ Ադրբեջանի՝ տարածաշրջանային աշխարհաքաղաքական խաղում նոր տարրեր ներգրավելը կարող է խթանել նոր հակամարտություններ և տրանսֆորմացնել նախկին հանգիստ պատկերը։ Իսկ Հայաստանի և մյուս հարևան պետությունների համար սա նշանակում է, որ պետք է շատ զգուշավոր և սթրատեգիական մոտեցում ցուցաբերվի տարածաշրջանային զարգացումների նկատմամբ։