Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայերի դեմ իրականացված հակահայկական բռնությունների քիչ հայտնի դրվագներից մեկը տեղի է ունեցել 1959 թվականի հոկտեմբերին՝ Լենինականի (այժմ՝ Գյումրի) «Շիրակի» և Կիրովաբադի (պատմական Գանձակ, այժմ՝ Գյանջա) «Տեքստիլշչիկի» միջև կայացած ֆուտբոլային հանդիպումից հետո։

Այդ ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը խորհրդային իշխանությունների կողմից ներկայացվում էին որպես «եղբայրական» հանրապետություններ, իսկ նրանց ֆուտբոլային ակումբները հանդես էին գալիս ԽՍՀՄ առաջնության նույն՝ երկրորդ դիվիզիոնում։ Լենինականի «Շիրակը» մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում էր, իսկ Կիրովաբադի «Տեքստիլշչիկը»՝ վերջին տեղերում։

Չնայած թիմերի զբաղեցրած տեղերին՝ հանդիպման նկատմամբ հետաքրքրությունը չափազանց մեծ էր։

Կիրովաբադում ադրբեջանցիների կողքին ապրում էր նաև մեծաթիվ հայկական բնակչություն։ Հայերը հիմնականում բնակվում էին քաղաքի ծայրամասային հայկական թաղամասերում, մինչդեռ վարչական կառույցների զգալի մասը կենտրոնացած էր ադրբեջանաբնակ հատվածում։ «Սպարտակ» մարզադաշտը գտնվում էր հայկական թաղամասում և տեղավորում էր մոտ 7-8 հազար հանդիսական։

Դեպքերի մասին պահպանված վկայությունների համաձայն՝ տոմսերը ազատ վաճառքի չէին հանվել, այլ բաժանվել էին քաղաքային իշխանությունների կողմից։ Այդ պատճառով հայ երկրպագուները մարզադաշտում փոքրամասնություն էին, իսկ բազմաթիվ հայեր հավաքվել էին հարակից շենքերի տանիքներին ու պատուհանների մոտ՝ այնտեղից խաղին հետևելու համար։

Լարվածությունը սկսվել էր դեռ խաղից առաջ։

Լենինականից ժամանած երկրպագուները, ըստ վկայությունների, չեն կարողացել մտնել այն հյուրանոց, որտեղ նախապես տեղեր էին ամրագրել։ Նրանց դիմավորել էին ագրեսիվ տրամադրված ադրբեջանցիներ, որոնք սպառնացել էին և թույլ չէին տվել ներս մտնել։ Սկզբում նույնիսկ քննարկվել էր երկրպագուներին քաղաքից դուրս՝ Գետաշեն տեղափոխելու տարբերակը։

Իրավիճակը որոշ չափով հանդարտեցրել էր Կիրովաբադի ոստիկանապետ, գնդապետ Մեհթիևը, որը, ըստ վկայությունների, անձամբ երաշխավորել էր կարգուկանոնի պահպանումը և պնդել, որ «Շիրակի» պատվիրակությունը մնա քաղաքում։ «Տեքստիլշչիկի» ֆուտբոլիստները ևս այցելել էին հայկական թիմին՝ ի նշան համերաշխության։

«Շիրակի» նախկին հարձակվող Ժակ Սուպրիկյանը հետագայում պատմում էր, որ դեռ Լենինականում տեղեկություններ էին տարածվել, թե Կիրովաբադի քաղաքական ղեկավարությունը ճնշում է գործադրել «Տեքստիլշչիկի» ֆուտբոլիստների վրա՝ պահանջելով հատկապես կոշտ խաղ ցուցադրել հայկական թիմի դեմ։ Դրան նախորդել էին ադրբեջանական թիմի երկու անընդմեջ 0:6 հաշվով պարտությունները։

Օնիկ Աբրահամյանը ևս հետագայում պատմել է, որ թիմը դեռ Կիրովաբադ ժամանելուց առաջ տեղյակ էր քաղաքում առկա լարվածությունից։ Ըստ նրա՝ «Շիրակի» ֆուտբոլիստներին արգելվել էր դուրս գալ հյուրանոցից կամ շփվել տեղացիների հետ, իսկ թիմին նույնիսկ թույլ չէին տվել մարզում անցկացնել։

«Շիրակի» ֆուտբոլիստները մարզադաշտ էին հասել խաղից ընդամենը 20-25 րոպե առաջ՝ զինվորականների ուղեկցությամբ։ Նրանք արագ փոխել էին հագուստը և անմիջապես դուրս եկել խաղադաշտ։

Խաղի ընթացքում լարվածությունն ավելի էր սրվել։ Հայ ֆուտբոլիստների ուղղությամբ նետում էին ձվեր, փտած լոլիկներ և քարեր։ Իրավիճակն այնքան լարված էր դարձել, որ «Շիրակի» խաղացողները նույնիսկ խուսափում էին մոտենալ եզրագծին՝ գնդակը խաղի մեջ մտցնելու համար։

Երբ «Շիրակը» հաղթում էր 2:1 հաշվով, Ժակ Սուպրիկյանը գլխի շրջանում քարով հարված էր ստացել։ Խաղը ժամանակավորապես դադարեցվել էր, բժիշկները նրան առաջին օգնություն էին ցուցաբերել, սակայն նա վերադարձել էր խաղադաշտ։

Դրանից հետո լարվածությունն ավելի էր աճել։ Հայ ֆուտբոլիստների ուղղությամբ շարունակել էին քարեր, ձվեր և փտած լոլիկներ նետել, իսկ հարակից շենքերի տանիքներից քարերի տարափ էր սկսվել դեպի տրիբունաները։ Մրցավարը որոշել էր դադարեցնել հանդիպումը, սակայն «Շիրակի» ավագ Պապիկ Պապոյանը պնդել էր, որ թիմը, ինչ էլ տեղի ունենա, խաղալու է մինչև վերջ։

Խաղը շարունակվել էր, և վերջնական սուլիչից մի քանի րոպե առաջ Օնիկ Աբրահամյանը խփել էր «Շիրակի» երրորդ գոլը՝ հաշիվը դարձնելով 3:1։

Խաղի ավարտից հետո իրավիճակը դուրս էր եկել վերահսկողությունից։

Ադրբեջանցի հանդիսականների մի մասը փորձել էր ներխուժել խաղադաշտ, սակայն ոստիկանները պատնեշ էին կազմել «Շիրակի» ֆուտբոլիստների շուրջ և նրանց ուղեկցել հանդերձարան։ Շրջակա շենքերից շարունակում էին քարեր նետել, լսվում էին նաև կրակոցներ։ Իշխանությունները շտապ որոշել էին թիմին հեռացնել Կիրովաբադից։

Ըստ վկայությունների՝ «Շիրակի» ֆուտբոլիստներին անմիջապես ուղեկցել էին դեպի Հայաստանի սահման՝ նույնիսկ հնարավորություն չտալով փոխել մարզահագուստը։

Սակայն քաղաքում բռնությունները շարունակվել էին։

Բախումները դուրս էին եկել մարզադաշտի սահմաններից և տարածվել քաղաքի տարբեր հատվածներում։ Ըստ հետագա վկայությունների՝ որոշ ադրբեջանցի ոստիկաններ բացահայտ միացել էին ադրբեջանցիներին, մինչդեռ հայ ոստիկանները փորձել էին պաշտպանել հայ բնակիչներին։

Երբ ադրբեջանցիների խմբերը շարժվել էին դեպի քաղաքի ադրբեջանաբնակ հատված, ճանապարհին հարձակվել էին հանդիպած հայերի վրա։ Ծեծի ենթարկվածների թվում եղել էին նաև կանայք։

Հարձակումների մասին լուրերն արագ տարածվել էին հայկական թաղամասում, որտեղ հազարավոր հայեր էին հավաքվել։ Նրանցից ոմանք, վերցնելով փայտեր, բահեր և ձեռքի տակ եղած այլ միջոցներ, շարժվել էին դեպի քաղաքի հայկական և ադրբեջանական հատվածները բաժանող կամուրջը։

Կորգանովի և Ջափարիձեի փողոցների խաչմերուկում գնդապետ Մեհթիևը փորձել էր կանգնեցնել հավաքվածներին և հորդորել վերադառնալ տուն՝ խոստանալով, որ քաղաքային իշխանությունները կպաշտպանեն հայ բնակչությանը։

Իրավիճակն ավելի էր սրվել, երբ լուրեր էին տարածվել, որ հայ կանանց ծեծել և կամրջից ցած են նետել։ Հավաքվածները շրջել էին Մեհթիևի մեքենան և շարունակել շարժվել դեպի կամուրջ։

Պահպանված վկայությունների համաձայն՝ երեք հայ կին, որոնք այդ պահին գտնվել էին քաղաքի ադրբեջանաբնակ հատվածում, սպանվել էին ադրբեջանցիների կողմից։ Շուտով երկու կողմերից էլ կրակոցներ էին հնչել։

Ի վերջո միջամտել էր խորհրդային բանակը։ Տագնապ էր հայտարարվել, զինվորականները հրահանգել էին մարդկանց վերադառնալ տներ, իսկ քաղաք էին մտել ռազմական ստորաբաժանումներ և զրահատեխնիկա։

Ըստ ավելի ուշ շրջանառված տվյալների՝ բռնությունների հետևանքով զոհվել էր մոտ 20 մարդ, որոնցից 11-ը հայեր էին։ Հայ զոհերի մեծ մասը կանայք էին։

Դեպքերն ունեցել էին նաև այլ հետևանքներ։ Կիրովաբադի ոստիկանության երկրորդ բաժինը, որի աշխատակիցների ճնշող մեծամասնությունը, ըստ տվյալների, հայեր էին, լուծարվել էր։ Դեպքերից հետո արագացել էր նաև հայերի արտագաղթը Կիրովաբադից։

Ինչպես Խորհրդային Միությունում տեղի ունեցած էթնիկ բռնությունների բազմաթիվ այլ դեպքեր, Կիրովաբադի իրադարձությունները ևս լռեցվել էին։ Խորհրդային մամուլը չէր հաղորդել տեղի ունեցածի մասին, իսկ դեպքերը տասնամյակներ շարունակ մնացել էին քիչ հայտնի և գրեթե չուսումնասիրված։

1959 թվականի Կիրովաբադի դեպքերը պարզապես ֆուտբոլային խաղից հետո սկսված անկարգություններ չէին։ Դրանք խորհրդային իշխանությունների կողմից քարոզվող «հայ-ադրբեջանական եղբայրության» պատկերի հետևում գոյություն ունեցող հակահայկական թշնամանքի բռնի դրսևորումներից էին։